23/04/2026

EU – Armenia

Լսումներ, թե՞ բողոքի ակցիա

44-օրյա պատերազմում անհայտ կորածների հարազատները դիմել են ընդդիմադիրներին՝ ԱԺ-ում լսումներ կազմակերպելու խնդրանքով, որ պահանջեն պատկան մարմիններից՝ հրապարակել 44-օրյա պատերազմի զեկույցը։

«Հրապարակ» թերթը գրում է․ Եվ քանի որ 2 խմբակցությունն էլ սպառել են ԱԺ կանոնակարգով մեկ կիսամյակում մեկ անգամ լսումներ հրավիրելու իրավունքը, եւ դա կարող է անել մշտական հանձնաժողովը, ապա կազմակերպչական հարցերն իր վրա է վերցրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Թագուհի Թովմասյանը։

Սակայն երեկ խորհրդարանը մերժել է նրա հայտը՝ ԱԺ նիստերի մեծ դահլիճում լսումներ անցկացնելու մասին, առաջարկել է ավելի փոքր՝ 334 սենյակը։ Թե ինչու են մերժել, երեկ ԱԺ աշխատակազմից չհաջողվեց պարզաբանում ստանալ, սակայն ծնողներն էլ համաձայն չեն փոքր դահլիճին, քանի որ 181 հոգով են ուզում գալ։

Տեղեկացանք նաեւ, որ պաշտոնատար անձինք՝ գլխավոր դատախազ, ՔԿ ղեկավար եւ այլք, մերժել են լսումներին մասնակցելու հրավերը` այլեւս ասելիք չունեն այս մարդկանց: Իշխանությունն էլ խուսափում է նախընտրական շրջանում քննարկել պատերազմի թեման։

Այսօր առավոտյան անհայտ կորածների ծնողներն ու հարազատները կհավաքվեն խորհրդարանի դիմաց, եթե ԱԺ աշխատակազմը կրկին մերժի լսումները նիստերի դահլիճում անցկացնելու առաջարկը, ապա մտադիր են բողոքի ակցիա իրականացնել։