23/04/2026

EU – Armenia

Կատարյալ ֆիասկո

Ինչպե՞ս է ստացվում, որ մեր կողմից է՛լ նրբանկատություն ու խոհեմություն, է՛լ հանուն խաղաղության ջանքեր, է՛լ ժպիտներ ու ջերմ ձեռքսեղմումներ են ուղղվում մեր թշնամիներին, որովհետեւ պետք է «դարավոր թշնամության էջը փակել», իսկ նրանց կողմից՝ ոչ մի քայլ եւ անգամ` ճիշտ հակառակը:

Հրապարակ թերթը գրել է․ Սահմանազատումների, ստորագրված ու հաստատված փաստաթղթերի, հարաբերություններ կարգավորելու մասին ասված հրապարակային խոսքի հանդեպ այդպիսի մեծ ակնածանք ունեցող Նիկոլ Փաշինյանը չի՞ նկատում հանդիպակաց կողմի պահվածքը: Չկա հարց, որտեղ ինքը զիջումների գնացած չլինի:

Տարիներ առաջ ասում էր` ժամանակ ենք տալիս Սեւ լճի տարածքն ազատելու համար, հիմա իսպառ մոռացել է Սեւ լճի եւ մեր հողում դիրքեր կառուցող ադրբեջանական զինուժի մասին: Ասում էր` հայելային սկզբունքով հետ քաշենք մեր զորքերը, Կիրանցից հողերը տանք, որ իրենք էլ իրենց տնօրինության տակ գտնվող մեր հողերը վերադարձնեն` ոչ մի շարժ:

Ասում էր` ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեմ, որ Ալիեւն էլ մերը ճանաչի` ոչ միայն չի ճանաչել, այլեւ Հայաստանի ներկայացուցիչը Թուրքիայում հայտարարում է, որ հայ-թուրքական սահմանի բացմանն Ադրբեջանն է խոչընդոտում, եւ Թուրքիան ժամանակին ասում էր` Արցախի հարցն է պատճառը, հիմա որեւէ պատճառ չկա, բայց հարաբերությունները չեն կարգավորվում:

2025-ի օգոստոսին թղթեր էր ստորագրում Վաշինգտոնում, որտեղ երկուստեք խոստանում էին «թշնամական հռետորաբանությունը սահմանափակել»` իրենք ոչ միայն սահմանափակեցին, անգամ «Արցախ» բառից ու Արարատից հրաժարվեցին, իսկ դիմացի կողմը թեժացնում է զավթողական խոսույթը եւ Արցախում հողին է հավասարեցնում հայկական հնամենի վանքերն ու շինությունները:

Կա՞ որեւէ քայլ, որ Ադրբեջանն արել է խաղաղության հաստատման համար: Չկա: