Երեկ ուշագրավ օր էր` հիշարժան ոչ միայն նրանով, որ ցեղասպանության զոհերի հիշատակի ավանդական դարձած ջահերով երթն էր ընթանում, այլեւ նրանով, որ ոմանք 2018-ի հեղափոխության կուլմինացիոն օրվա տարեդարձը, ոմանք` տարելիցն էին նշում:
Հրապարակ թերթը գրել է․ Այդ օրը` 8 տարի առաջ, հրաժարական տվեց անպարտելի թվացող Սերժ Սարգսյանը, որը, խախտելով 10 տարին մեկ իշխանափոխության բնական ցիկլը, որոշել էր շարունակել պաշտոնավարումը, սակայն բախվեց հանրային ընդվզումին եւ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման պայքարին:
Այո, այդ օրվա եւ 2018-ի իրադարձությունների նկատմամբ մեր հասարակության տարբեր շերտեր տրամագծորեն տարբեր վերաբերմունք ունեն` ոմանք անիծում են 2018թ. ապրիլի 23-ը, ոմանք` օրհնում:
Անկախ մեր վերաբերմունքից, արձանագրենք, որ դա պատմական օր էր, եւ այդ օրը մեր պատմության, մեր երկրի ճակատագրում կտրուկ շրջադարձ տեղի ունեցավ: Բայց այս տարվա ապրիլի 23-ը մեկ այլ իմաստով էլ է ուշագրավ․ երեկ երեկոյան` ժամը 18:00-ին, խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացնելու վերջնաժամկետն էր:
Մենք մեծ հույսեր ունեինք, որ ընդդիմադիր, առողջ ուժերի կոնսոլիդացիա կկայանա, եւ փոքր թվով ուժեր կմասնակցեն ընտրություններին` հեշտացնելով ընտրողի գործը եւ պարզեցնելով ընտրությունը:
Ցավոք սրտի, պարզվեց, որ քաղաքական ուժերն ավելի պակաս հասուն են, քան կոնսոլիդացիա պահանջող հանրային որոշ շրջանակներ, եւ կրկին ամբողջ բեռը մնաց հանրության վրա, որին թողնվեց 19 ուժի մեջ ընտրություն կատարելու ծանր գործը:
Իհարկե, առողջ, հայամետ, գրագետ, աշխատունակ ուժերին զատելու գործն այդքան էլ բարդ բան չէ, եւ մենք կփորձենք դրանում օգտակար լինել մեր ընտրողներին:
Բայց ժամանակը կարճ է, եւ բոլոր քաղաքականապես գրագետ մարդիկ այս փուլում կարեւոր գործ ունեն անելու` բացատրել, ներկայացնել առաջադրված ուժերին, որ մարդկանց համար հեշտ լինի կողմնորոշվելը եւ որոմը հատիկից զատելը:

Բաց մի թողեք
Էքսպերիմենտալ քննություն գրականությունից ու պատմությունից. ինչո՞ւ են որոշել սխալները հաշվի չառնել
Գոնե կանայք պետք է ամոթ ունենան եւ չփորձեն իրենց իսկ ստեղծածը շարֆի նման փաթաթել այլոց վզին
ՔՊ-ականները որոշել են երեւանցիներին կաշառել