24/04/2026

EU – Armenia

ԵԽ-ում ՀՀ դիմակայունության բարձրացմանն աջակցելուն ուղղված բանաձևի ընդունման քննարկում կանցկացվի

Եվրոպական խորհրդարանում ապրիլի 28-30-ը կանցկացվի քննարկում, ապա նաև քվեարկություն՝ ԵՄ-ի կողմից Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու բանաձևի ընդունման վերաբերյալ։

Այս մասին նշվում է Եվրոպական խորհրդարանի կայքում տարածված հաղորդագրության մեջ։

Մատնանշվում է, որ սույն բանաձևի քննարկումն անցկացվելու է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ֆոնին։

«Ապրիլի 28-ին՝ ԵՄ հանձնաժողովի և խորհրդի ներկայացուցիչների հետ լիագումար քննարկման ժամանակ, ինչպես նաև ապրիլի 30-ի ուղեկցող բանաձևում Եվրախորհրդարանի պատգամավորները կշեշտեն արտաքին միջամտությունից զերծ քվեարկության անհրաժեշտությունը և կբարձրացնեն մտահոգություններ Մոսկվայի կողմից ապատեղեկատվություն տարածելու և քվեարկության արդյունքների վրա ազդելու փորձերի վերաբերյալ»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Նաև նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը կոչ կանի ավելի շատ ջանքեր գործադրել Հայաստանի ընդհանուր ժողովրդավարական դիմակայունությունն ամրապնդելու համար։

ԵԽ-ն նաև հիշեցրել է, որ ԵՄ-ն վերջերս մեկնարկել է նոր քաղաքացիական առաքելություն՝ աջակցելու Հայաստանի իշխանություններին՝ կարողությունների զարգացման և բազմաշերտ սպառնալիքների, արտաքին տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության (FIMI), կիբեռհարձակումների և անօրինական ֆինանսական հոսքերի դեմ պայքարելու համար։