24/04/2026

EU – Armenia

ԵՄ-ը հայտարարում է նոր քաղաքացիական առաքելության ստեղծման մասին՝ ի ամրապնդումն Հայաստանի դիմակայունության

Եվրոպական միության խորհուրդն ապրիլի 21-ին հայտարարել է Ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության շրջանակում Հայաստանում ԵՄ գործընկերության նոր առաքելության (EUPM Armenia) ստեղծման մասին։

Առաքելությունը կաջակցի Հայաստանին՝ դիմակայելու բազմաշերտ սպառնալիքներին, ինչպիսիք են օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիան եւ միջամտությունը, կիբերհարձակումները եւ ապօրինի ֆինանսական հոսքերը։

EUPM Armenia-ն ռազմավարական խորհրդատվություն եւ կարողությունների զարգացում կապահովի տարբեր նախարարությունների եւ ազգային հաստատությունների համար՝ հասարակության եւ պետական կառույցների առջեւ ծառացած սպառնալիքներին արձագանքելու քաղաքականությունների մշակման գործում, ինչպես նաեւ կաջակցի համապարփակ, ամբողջ կառավարությանը ընդգրկող մոտեցման ձեւավորմանը։

Այն նաեւ կտրամադրի օպերատիվ խորհրդատվություն եւ կունենա նախագծային բաժին, որը պատասխանատու կլինի մանդատի շրջանակում ընդգրկված ոլորտներում կոնկրետ գործողությունների հայտնաբերման եւ իրականացման համար։

«Հայաստանը բախվում է զանգվածային ապատեղեկատվական արշավների եւ կիբերհարձակումների։ Երբ ՀՀ քաղաքացիները հունիսին գնան ընտրությունների, միայն նրանք պետք է ընտրեն իրենց երկրի ապագան։ ԵՄ-ն օգնում է պաշտպանել Հայաստանի դիմակայունությունը», – հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

ԵՄ գործընկերության առաքելությունը Հայաստանում կունենա նախնական երկամյա մանդատ, եւ դրա օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական օպերացիաների շտաբի կառավարման տնօրեն Ստեֆանո Տոմատը կլինի Քաղաքացիական օպերացիայի հրամանատարը։ Նա կիրականացնի EUPM Armenia-ի ռազմավարական մակարդակի ղեկավարումն ու վերահսկողությունը։

Առաքելության ղեկավարը, որը պատասխանատու կլինի տեղում գործողությունների ղեկավարման համար, կնշանակվի կարճ ժամկետներում։