«Հրապարակի» զրուցակիցը «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ ընտրություններում ԼՀԿ շտաբի պետ Գեւորգ Գորգիսյանն է։
– Եվ այսպես, «Լուսավոր Հայաստանն» ազդարարեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության մասին, որին հաջորդեց ձեր քաղաքական թիմի արտահերթ համագումարը։ Մինչեւ այդ, ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը հավակնոտ ուղերձ էր հղել՝ նշելով, որ գալիս եք այնպիսի օրակարգով, որն այսօր ՀՀ քաղաքական դաշտում չի սպասարկվում։ Եթե հակիրճ՝ որո՞նք են ձեր օրակարգի առանձնահատկությունները։
– Մեր օրակարգը բխում է Հայաստանի կենսական շահերից Հայաստանը հայկական պետություն պահելու եւ մեր ինքնությունը պաշտպանելու հրամայականից։ Ազգային ինքնության եւ մեր արժեքների անխախտելիությունն այն գաղափարն է, որով մենք մասնակցում ենք այս ընտրություններին։ Մենք գալիս ենք պաշտպանելու այն ամենը, ինչը սուրբ է մեր ժողովրդի համար։ Մեր օրակարգի առանցքում մեր արմատների եւ պետական ողնաշարի պաշտպանությունն է։
– Իսկ ինչո՞վ կբացատրեք, որ վերջին ամիսներին բոլոր ջանքերը՝ (նաեւ՝ ԼՀԿ-ի) ընդդիմությանը մեկ ճակատում համախմբելու, հաջողությամբ չպսակվեցին։ Գուցե ձեր քաղաքական թիմի կամ, օրինակ, Մարուքյանի նկատմամբ վերապահումները դեր խաղացին, որ նա պաշտոնավարել է Փաշինյանի թիմում։ Դա որոշակի տարաձայնություններ հարուցեց նույնիսկ ձեր թիմում։
– Ընդդիմադիր դաշտի համախմբման մասով պետք է արձանագրեմ՝ մեր կուսակցությունը եւ անձամբ Էդմոն Մարուքյանը ամիսներ շարունակ եղել են այն հիմնական ուժը, որը հայտարարում էր՝ հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է ընտրություններին գնալ միասնական ճակատով։ Մենք արեցինք մեզնից կախված հնարավոր ամեն ինչ, սակայն, ցավոք, համախմբումը չստացվեց։ Բայց այդ պրոցեսի հիմնական պատասխանատուները պետք է լինեին խոշոր ուժերը, որոնք կարծես ունեն այլ հաշվարկներ։ Այդ մասին, կարծում եմ, պետք է հարցնել նրանց։ Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի՝ դիվանագիտական ծառայության հանգամանքին, պետք է ասեմ, որ դա մեր ուժեղ կողմն է, քանի որ Մարուքյանն ընդդիմադիր դաշտում միակ մարդն է, որը տեղյակ է բանակցային գործընթացից եւ իր ուրույն լուծումներն ունի Հայաստանի առջեւ ծառացած արտաքին քաղաքական եւ անվտանգային մարտահրավերների վերաբերյալ։
– Մարուքյանը հայտարարել է նաեւ, որ ձեր կուսակցության մասնակցությունը ընտրություններին խառնում է շատ խաղացողների խաղաքարտերը։ Փակագծեր կբացե՞ք` ի՞նչ նկատի ունի։
– Խոսքը քաղաքական դաշտի վերադասավորումների եւ ընտրողների մեծամասնության սպասելիքների մասին է։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ թեեւ քաղաքական ուժերի մեծամասնությունը հայտարարել էր ընտրություններին մասնակցելու մասին, սակայն ընտրողների շուրջ 30-40 տոկոսը դեռեւս չգիտի, թե ում է ընտրելու, այսինքն՝ այդ ներկապնակում բացակայում էր այն առաջարկը, որը կհետաքրքրի այդ ընտրողներին։ «Լուսավոր Հայաստանի» մուտքը քարոզարշավ՝ իր հստակ օրակարգով, հենց այս չկողմնորոշված ընտրողների համար է, եւ մեր արդյունքները լինելու են որոշիչ՝ Հայաստանի ապագան ուրվագծելու գործում։
– ԼՀԿ թեկնածուների ցուցակը կազմելիս քաղաքական տարբեր ճամբարներից «ներգաղթողներ» շա՞տ են եղել։
– Մեր ցուցակը կազմելիս մենք առաջնորդվել ենք բացառապես որակական եւ գաղափարական սկզբունքով։ Մեր թիմի հիմնական կորիզը կազմում են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ կիսում են «Լուսավոր Հայաստանի» գաղափարները, արժեհամակարգը, մոտեցումներն ու տեսլականը։
– Ո՞րն է ձեր չափելի, կանխատեսելի ընտրազանգվածը, քաղաքացիական լսարանը։ ՔՊ-ի հետ համագործակցությունը, կարծեք, բացառել եք՝ այս մասով հասցեականությունը պարզ է։
– Ընտրությանը մասնակցող ուժերից գրեթե բոլորի մոտեցումները կառուցված են Փաշինյանի թելադրած օրակարգով։ ԼՀԿ-ն միակ ուժն է, որ մերժում է այդ գաղափարները եւ առաջարկում է քաղաքական նոր պրոդուկտ։ Եթե հակիրճ, ապա մենք պնդում ենք, որ Հայաստանը դատապարտված չէ գոյատեւելու Փաշինյանի բերած ձախողումներով։ Այս իրավիճակը կարելի էր եւ պետք էր վերանայել ու տանել նոր՝ Հայաստանի շահերից բխող եւ մեր ինքնությունը պաշտպանելու ճանապարհով։
Մենք պնդում ենք, որ Ռեմոնտադա (իսպաներեն բառ է, թարգմանաբար՝ «վերադարձ», «հետբերում»` Ա. Ա.) լինելու է, իսկ դա պարտության հետեւանքների չեզոքացումն է, քաղաքական վերածնունդը, Հայաստանի սուբյեկտայնության եւ հզորության վերականգնումն է։ Ամուր ինքնությունը մեր անվտանգության ամենաառանցքային գործիքն է։

Բաց մի թողեք
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ինստագրամից մոռացել են ջնջել․ Լուսանկար
Այս քաղաքական ուժը ձախողել է իր տված խոստումների գրեթե 90 տոկոսը
Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի