26/04/2026

EU – Armenia

Լուսինե Բարսեղյանը շուրջ 20 րոպե հեկեկացել է ․․․ Իշխանությունները պարզաբանում են Կաթողիկոսի լրատվական բոյկոտը

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, կարելի է ասել, բոյկոտել է Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու արարողությունը, և հեռարձակել է ընդամենը մի քանի վայրկյան տևողությամբ կադրեր, ընդ որում՝ ձայնն անջատելով։

«ՉԻ»․ Մեր ունեցած ոչ այնքան էլ հավաստի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերի պատասխանատուները սիրով պարզաբանել են այդ միջադեպի հանգամանքները։ Մասնավորապես․

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը (ժամանակին «Ազատություն» ռադիոկայանում աշխատած էն պուճուր-մուճուր, կոմպլեքսավորված տղան) պարզաբանել է, որ Կաթողիկոսը Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի գործիք է, հետևաբար՝ ինքը չի պատրաստվում «մուֆթա տեղը» (առանց քեշով վարձատրության) եթեր հեռարձակել նրա մասնակցությամբ միջոցառումները, իսկ եթե հանկարծ Ռուսաստանից այդպիսի վարձատրության առաջարկ լինի՝ ինքն անմիջապես կդիմի ԱՄՆ իշխանություններին և կպահանջի ավելի առարկայական աջակցություն։

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ (բոլոր համընկնումները պատահական են) Դարբինյանը պարզաբանել է, որ նախ՝ ինքը որևէ կապ չունի Հ1-ի եթերի հետ, և երկրորդ՝ ինքը լուրջ կասկածներ ունի, որ Կաթողիկոսի մասնակցությամբ միջոցառումը նկարահանել է Տիգրան Պասկևիչյանի թիմը։ Միաժամանակ պրն Դարբինյանը խոստացել է դատի տալ առանձնակի դաժանությամբ իրեն Վանո Սիրադեղյանի «Գյադաների ժամանակը» ստեղծագործության վերաբերյալ հարց ուղղած լրագրողին։

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը պարզաբանել է, որ համաձայն ԱՊՀ, ԵԱՏՄ, ԵՄ, ԵՃՃԿՊԻ, ՀԼԲՏՌՎԽ, ԽԼԶՖԿ և միանգամայն միջազգային այլ կառույցների իրավական կարգավորումների՝ Հայաստանի հանրային հեռարձակողն իրավունք չունի կաթողիկոսին ավելի շատ եթերաժամանակ հատկացնել, քան, ասենք, Տաջիկստանի հանրային հեռարձակողը՝ Կիրիլ Երկրորդի բաջանաղին։ Հետևաբար, ինչպես նշել է պրն Հակոբյանը, ինքը պարտավոր է առաջնորդվել բացառապես ՀՀ պետական շահերով՝ այնպես, ինչպես սրանից 40 տարի առաջ իրեն սովորեցրել են Մոսկվայի լավագույն ասպիրանտուրաներում, որտեղ ինքը հայտնվել էր բացառապես վարչապետ Փաշինյանի բարձր հովանավորության շնորհիվ։

Հ1-ի լուրերի փաստացի տնօրեն Լուսինե Բարսեղյանը, լսելով լրագրողի հարցը, նախ շուրջ 20 րոպե հեկեկացել է, ապա ծաղկամանը շպրտել նկարահանող խմբի ուղղությամբ, ինչի արդյունքում տուժել են բացառապես տվյալ անպատասխանատու լրատվամիջոցի տեսախցիկն ու օպերատորի ականջը։ «Իմ քայլը» հիմնադրամը խոստացել է փոխհատուցել վնասված տեսախցիկի գումարը՝ անկախ մամուլի աջակցության ծրագրի շրջանակներում։