Փաշինյանի Քաղաքացու օրը կազմակերպելու և նշելու համար ՔՊ-ական համայնքապետերը ջանք ու եռանդ չէին խնայել։ Իհարկե, օրվա ծախսերի համար անհրաժեշտ գումարները դուրս են գրվել համայնքային բյուջեներից:
Այսինքն՝ «Քաղաքացու օրը» ֆինանսավորել են իրենք՝ քաղաքացիները, որ ՔՊ-ն մի լավ փիառվի այդ օրը եւ նախընտրական քարոզչության վերածի «հերոս ու հպարտ» հարկատուի տոնը: Հանրապետության տարբեր համայնքներում տարբեր ձևով են նշել այդ տոնը:
Արտաշատում, Մարտունիում, Վարդենիսում, Մարալիկում, Ախուրյանում տարբեր միջոցառումներ են կազմակերպվել, հնչել է երգ-երաժշտություն՝ ուղեկցված խորոված – փարթիով: Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներում մարդկանց ուշքն ու միտքը իրենց անվտանգությունն է եւ շատ ակտիվ չեն եղել: Սևանը զերծ է մնացել խորոված – փարթի անելուց, սևանցիների մեծամասնությունը ՔՊ-ին մերժողների խավի մեջ են: Ծաղկաձորում ՔՊ-ական Նարեկ Հարությունյանը եւս խորոված – փարթի չի արել, հավանական է՝ գիտակցելով, որ միջոցառմանը ոչ ոք չի մասնակցի:
Օրվա ամենաքեֆչի ՔՊ-ական համայնքապետը եղել է Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը: Նա ոչ միայն այդ օրվա «աստղն է», այլ Փաշինյանի բոլոր նախաձեռնությունների եւ հատկապես՝ հակաեկեղեցական պայքարի առաջամարտիկը:
Բայց չնայած գործադրած ջանքերին, Քաղաքացու օրը Թալինում բազմամարդ չի անցել, համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ, մշակույթի տան պարային ակումբի սաներ եւ նրանց ծնողներ:
Թալինում միջոցառմանը մասնակցելուց հետո Սափեյանը սկսել է շրջել վարչական համայնքներով, ցույց տալով, որ Թալինի տարածաշրջանը տոնում է Քաղաքացու օրը: Վարչական շրջաներում մի քանի բնակիչների հետ «Սասուցիների» պարն է պարել, գյուղացիների հետ բաժակ-բաժակի է խփել, օրվա վերջում էլ՝ ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրում եմ իմ ազգին»:
Քաղաքացու օրվան նվիրված Այգեզարդ գյուղի Արարատ Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի էր ունեցել միջոցառում, որի ժամանակ հնչել էր ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի «Իրական Հայաստան» երգը։ Տեսանյութը հրապարակվել էր դպրոցի ֆեյսբուքյան էջում, ապա կարճ ժամանակ անց՝ բարձրացված աղմուկից հետո հեռացվեց։
«Հրապարակ»-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Նունե Բաբլոյանը հայտնեց, որ որևէ միտում չի եղել տեսանյութը հրապարակելու կամ հեռացնելու տակ․ «Կողքից ինձ ասացին, որ կարիք չկար հրապարակելու, ես էլ զանգել եմ փոխտնօրենին, ասել եմ, որ հեռացնի տեսանյութը։ Բայց ուզում եմ հասկանալ, թե դրա տակ ի՞նչ կար, որ մտածում եք՝ քաղաքական երգ է, ես աղմուկ բարձրանալուց հետո նոր միացրել եմ երգը ու ուշադիր լսել, որևէ քաղաքական ենթատոքստ չեմ տեսել»։
Դիտարկմանը, որ դա ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի երգն է՝ Բաբլոյանը պատասխանեց․ «Էսօր ամբողջ օրը ես մտքերի մեջ եմ ընկել, ախր ընդհանրապես կապ չունեմ, կուսակցական չեմ, որևէ կուսակցության չեմ պատկանել երբևէ ու չեմ պատկանում, ուղղակի երեխաները նվագել են, երգել են, էջում հրապարակել ենք։ Էնքան չեմ լսել էդ երգը, ոչ էլ Նիկոլ Փաշինյանին, չեմ էլ ամաչում դրա մասին բարձրաձայնելուց, ընդհանրապես չեմ մտածել, որ այդ երգը կարող է քաղաքական բաղադրիչ ունենալ։ Մենք ընդամենը քաղաքացու օր էինք շնորհավորել, չհասկացա էլ ոնց էս պատմության մեջ ընկա։ Լրատվականներից ենք առաջինը լսել դրա մասին ու ապշած ենք մնացել, դրա համար էլ ջնջեցինք»։
Բաբլոյանը նշեց, որ մարզպետարան էլ է զանգել, տեղեկացրել խնդրի մասին, մարզպետարանից էլ հայտնել են, որ պարզաբանում կտարածեն։

Բաց մի թողեք
Բաքուն Մոսկվայից «որևէ անակնկալի զգուշավորություն այլևս չունի»
Ալիևի նկրտումները արդյոք վաշինգտոնյան պայմանավորվածություններով արգելափակված են
Զելենսկու այցի հետ կապված՝ Մոսկվայից Բաքու լուրջ ազդակ է հղվել