03/05/2026

EU – Armenia

Ստոկհոլմյան համախտանիշ. շատ-շատ հետաքրքիր բաներ դուրս կգային ջրի երես

Հայաստանի բարձրաստիճան ղեկավարների, մասնավորապես՝ առաջին դեմքի աղմկոտ հայտարարություններն ու տարօրինակ մտքերը, որոնք այլեւս հետաքրքիր չեն ոչ ոքի համար, այս անգամ հնչեցին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի համատեքստում:

Մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակի օրը վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ի լուր աշխարհի, հայտարարեց, թե 1915թ. ողբերգությունը տեղի է ունեցել, «քանի որ հայերը ներքաշվել էին միջազգային խարդավանքների մեջ»:

Նա կորուսյալ հայրենիքի մասին հռետորաբանությունն անվանեց ծուղակ, որը «հանգեցնում է պետականության կորստի», եւ կոչ արեց կենտրոնանալ ՀՀ-ի այսօրվա տարածքի վրա:

Փաստորեն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ցեղասպանվելու համար մեղավոր են ոչ թե թուրքերը, ոչ թե Օսմանյան կայսրությունը, այլ հայերն՝ իրենք, ովքեր ներքաշված էին «միջազգային խարդավանքներում»: Սա մաքուր թուրք-ադրբեջանական խոսույթ է:

Ցեղասպանության սուրբ նահատակներին ուղղված նման մեղադրանքը ոչ միայն սրբապղծություն է, այլեւ դավաճանությանը համազոր մտայնություն, որով հայտարարության հեղինակն ուզում է հաճոյանալ հայտնի զույգին: Անգամ փորձում է այս ողբերգական օրվա առիթն օգտագործել եւ, մոտալուտ ընտրություններին ընդառաջ, թուրքերին հայտնել իր հավատարմությունն ու որոշակի քաղաքական շահաբաժին կորզել:

Փաշինյանը չի վերլուծում Ցեղասպանության պատմությունը, չի խորանում պատմական իրողությունների մեջ, նա ազգային շահերից հրաժարվելու արդարացումներ է փնտրում: Եվ դա անում է այն օրը, երբ հիշատակվում է մեկուկես միլիոն անմեղ հայերի հիշատակը: Այս անձը, որը ոչ բարով մեր պետության գլուխն է, սպասարկում է այլոց շահերը՝ թուրքերի ու ադրբեջանցիների:

Այդ հարցում նա բարդույթներ չունի, այլեւս հանել է դիմակը եւ ջնջել պարկեշտության սահմանները: Գործում է բացահայտ, անկաշկանդ, առանց դույզն-ինչ զղջալու: Երկրի պատասխանատու անձինք անթաքույց հայտարարում են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այժմ մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։

Այսօր մենք ականատեսն ենք շատ ցավալի եւ անհավատալի մի իրականության, երբ ՀՀ ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղասպանությունն իրականացնողներին՝ ջանալով հավասարության նշան դնել զոհի եւ դահիճի միջեւ։ Սա այն դեպքն է, երբ զոհը սկսում է համակրանք տածել իր դահիճի հանդեպ:

Այս երեւույթը քաջածանոթ է հոգեբան մասնագետներին, եւ գիտության մեջ է մտել «Ստոկհոլմի համախտանիշ» անվանումով: Հայտնի են բազում օրինակներ, երբ պատանդները սկսում են կարեկցել իրենց զավթիչներին եւ ինչ-որ իրավիճակներում, նույնիսկ, խոչընդոտում են իրավապահների կողմից իրենց իսկ ազատագրմանն ուղղված գործողությունները:

Ստոկհոլմյան համախտանիշով տառապող իշխանությունը, ինչպիսին մերն է, խստորեն դատապարտում է ջահակիրներին, որոնք ի նշան բողոքի, վառում են թուրքական կամ ադրբեջանական դրոշները, սակայն լռում է, երբ Արցախում ադրբեջանցի տականքները ոչնչացնում են հայկական եկեղեցիները, վանքերը, խաչքարերը… «Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն սադրիչ եւ լարվածություն հրահրող վարքագիծ է որակել Ցեղասպանության տարելիցի նախօրյակին Երեւանում ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը»,- գրում են օրվա թերթերը:

Մամուլը լավ կաներ՝ հարցներ Փաշինյանին. «Ինչ է՝ թուրքական դրոշը ձեզ համար ավելի թանկ ու կարեւոր է, քան հազարամյա մեր հոգեւոր, մշակութային եւ պատմական ժառանգությո՞ւնը»:

Փաշինյանն՝ ինքը, այդ մասին լռում է: Փոխարենը ժողովրդին հղած իր ուղերձում հորդորում է. «Մեր ժողովրդի մեծագույն փափագն իրականացված է. մենք ունենք պետություն եւ մենք ունենք խաղաղություն։ Պետությունը եւ խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա։ Այս պատմական նպատակն իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության՝ միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս։ Այս տարածքը փոքր չէ… այսօր մեր տասնյակ բնակավայրեր դատարկ են եւ, ընդհանրապես, մեր պետությունը թերբնակեցված է»:

Միգուցե հենց այս պարզ կետից էլ պետք էր սկսել, թե ինչո՞ւ են օր-օրի դատարկվում մեր բնակավայրերը: Կարծում ենք՝ շատ-շատ հետաքրքիր բաներ դուրս կգային ջրի երես:

«Հայացք Երեւանից»