Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Գերմանիայից 5000 ամերիկյան զինծառայողների դուրսբերման մասին հայտարարությունը կանխատեսելի է եղել։
«Ամերիկյան զորքերի ներկայությունը Եվրոպայում, և հատկապես Գերմանիայում, համապատասխանում է ինչպես մեր, այնպես էլ Միացյալ Նահանգների շահերին», – DPA լրատվական գործակալությանն ասել է Պիստորիուսը։
Նախարարն ընդգծել է, որ որոշումը անսպասելի չի եղել։ «Մենք սերտորեն համագործակցում ենք ամերիկացիների հետ Ռամշտայնում, Գրաֆենվյորում, Ֆրանկֆուրտում և այլուր՝ Եվրոպայում խաղաղության և անվտանգության, Ուկրաինայի և համատեղ զսպման համար», – ասել է Պիստորիուսը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները Գերմանիայի իր բազաներում կենտրոնացրել է նաև այլ ռազմական գործառույթներ, ինչպիսիք են՝ կապված Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում անվտանգության քաղաքականությունը։
Գերմանիայի պաշտպանության նախարարը նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելի եվրոպական դառնա՝ տրանսատլանտյան դաշինք մնալու համար։ «Մենք՝ եվրոպացիներս, պետք է ավելի մեծ պատասխանատվություն կրենք մեր անվտանգության համար», – հայտարարել է Պիստորիուսը։
Ըստ ՊՆ ղեկավարի՝ Գերմանիան ճիշտ ուղու վրա է։
Բունդեսվերը (Գերմանիայի զինված ուժերը) ընդլայնվում է, սարքավորումների գնումները արագանում են, և կառուցվում են անհրաժեշտ ենթակառուցվածքները: Նախարարը հայտարարել է, որ հետագա աշխատանքները կհամակարգի իր գործընկերների հետ՝ Եվրոպական ռազմական «Հնգյակի» կազմում, որը ներառում է նաև Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Լեհաստանը և Իտալիան:

Բաց մի թողեք
Իրանից պրծավ, անցավ Կուբային
Չեխիայի վարչապետը Հայաստանում բանակցություններ կանցկացնի Զելենսկու հետ
Տրանսատլանտյան համայնքի համար ամենամեծ սպառնալիքը մեր դաշինքի շարունակական քայքայումն է․ Լեհաստանի վարչապետ