03/05/2026

EU – Armenia

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը հանձնել է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության խոստման դիմաց

Վայլդբերիսի հետ կապված վերջին իրադարձության թիկունքում կանգնած է հայաստանյան երկու ընդդիմադիր ուժ։ Այդ մասին լրագրողներին ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և հավաստիացրել, որ խնդիրը կկարգավորվի։

Ֆեյսբուքի հայաստանցի օգտատիրուհին, որ բարձրագույն կրթություն է ստացել ոչ միայն Երևանի պետական համալսարանում, այլև Լոնդոնում, նրան հակադարձել է փողոցային բառապաշարով և ամփոփել․ «Զելենսկուն Երևան հրավիրելուց ի՞նչ լուր կա»։

Գրեթե սինխրոն՝ ռուսաստանցի մեդիամագնատ Արամ Գաբրելյանովը ֆեյսբուքի անհատական օգտահաշվում գրել է, որ «Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է սնանկացման և աղետի» և հայաստանցիներին «խորհուրդ տվել», որ «Զելենսկու օրինակը նկատի ունենան»։

Նարատիվը, որ «պատերազմի պատասխանատուն» Զելենսկին է, իրականության հետ ոչ մի կապ չունի։ Ուկրաինայի և առնվազն Արևելյան Եվրոպայի նկատմամբ աշխարհաքաղաքական հավակնությունների մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի 2007թ․ հայտնի ելույթով, որ փորձագետներից ոմանք համեմատում են Չերչիլի ֆուլտոնյան ճառի հետ։

Զելենսկի դեռևս կոմիկ դերասան էր, երբ Ռուսաստանը օկուպացրել է Ղրիմը և Սևաստոպոլը, իսկ ավելի վաղ՝ Աբխազիան և Հարավային Օսեթիան և Թբիլիսից քսան կիլոմետր հեռավորության վրա կանգ չեր առնի, կգրավեր և Սաակաշվիլուն «ձվերից կկախեր», եթե արևմտյան երկրները լռեին։

Ապրիլի 28-ին Բիշքեկում գումարվել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների պաշտպանության նախարարների խորհրդաժողով։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը հայտարարել է, որ «Կենտրոնական Ասիայում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը անթույլատրելի» է։ Աստանայում, Տաշքենդում, նույնիսկ Դուշանբերում այդ հայտարարությունը փորձագիտական մակարդակում գնահատել են որպես «անթաքույց սպառնալիք»։

Այդ երկրներում, պայմանականորեն ասած՝ «փողոցից իշխանության եկած Փաշինյան» չկա, բայց առկա է տարածաշրջանային ինտեգրացիայի և անվտանգային նոր միջավայրի ձևավորման հեռանկար։ Հարավային Կովկասի պարագայում Ռուսաստանի «կոկորդին ոսկորը» Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը և հայ-թուրքական կարգավորումն է։

Նախկին ՄԻՊ և վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում առաջարկել է հիմք ընդունել շահերի ընդհանրության սկզբունքը։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդևը երկու օր առաջ անոնսավորել է, որ ներկա սերնդի օրոք Ռուսաստան-Եվրոպա հակամարտությունը չի կարգավորվելու։ Սա Ռուսաստանի շահն է։

Այն «արդյունավետ սպասարկելու» համար Մոսկվան ձգտում է «ինտեեգրել» առնվազն ամբողջ հետխոորհրդային տարածքը, բայց ո՞րն է դրանում Հայաստանի շահը։ Թուրքիայի և Ադրբեջանի ենթադրյալ կամ հավանական հարձակումներից պաշտպանվածությո՞ւնը։

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը հանձնել է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության խոստման դիմաց։ Իսկ եթե «հանձնի» նաև Հայաստա՞նը։