Նախորդ օրն Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրգորյանը հարց է տալիս Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, թե «կզացնելու եմ, սատկացնելու եմ» արտահայտությունը պարունակո՞ւմ է, արդյոք, հանցակազմ:
Իրավաբան Պողոսյանի կողմից հետևում է այսպիսի պատասխան. «Հայցակազմի առկայությունը քննարկելիս, քննարկվում է տեղը, իրադրությունը, ժամանակը, միջավայրը, անձը»: Այնուհետև պատգամավորը նկատում է՝ ինչպես է պատահել, որ քաղաքացի Ն.Փ.-ի դեպքում հանցակազմ չի գտնվել, իսկ քաղաքացի Ա. Մ.-ն նույնը գրել է ֆեյսբուքում, եւ դա պարունակել է հանցակազմ:
Ինչպես է դա բացատրում Քննչականի ղեկավարը: ՔԿ-ի նախագահը կրկին խոսում է վերը նշված գործոններից, սակայն մնում է անհասկանալի, թե որ դեպքում այդ գործոնների ամբողջությունը կարող է վերածվել հանցակազմի, իսկ որ դեպքում՝ չի վերածվի:
Հենց սկզբից ասեմ, որ եթե մենք լինեինք ոչ թե հայ, այլ հույն, և բնակվեինք ոչ թե 21-րդ դարում, այլ անտիկ շրջանում՝ այսինքն մ. թ. ա. առաջին հազարամյակի կեսերին, նման հարց դժվար թե առաջանար: Քանի որ մեզ համար հստակ կլիներ, որ «այն, ինչ թույլատրված է Զևսին, արգելված է եզին»:
Ու տվյալ հարցադրման պարագայում որպես Զևս կդիտարկվեր քաղաքացի Ն.Փ.-ն, իսկ որպես եզ՝ քաղաքացի Ա. Մ.-ն: Ն.Փ.-ն կդիտարկվեր Զևս, քանի որ վերջինս հունական պոլիսներից մեկի բռնապետը կլիներ, իսկ Ա. Մ.-ն՝ նույն պոլիսի շարքային քաղաքացին: Բայց մենք, ի դժբախտություն Ն.Փ.-ի ու նրա կամակատարների, բնակվում ենք 21-րդ դարի Հայաստանում: Եվ, ինչը պակաս կարևոր չէ, անտիկ հունական ասացվածքը մեզանում «գործելու» իրավունք չունի: Որովհետև, ի վերջո, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որ ձգտում է տեղ գրավել, ըստ ՀՀ վարչապետի, եվրոպական ժողովրդավարական ակումբում:
Պատմական այս էքսկուրսից անցում կատարենք այն հարցին, թե ինչ դեր են կատարում տեղի, իրադրության, ժամանակի, միջավայրի և անձի հատկանիշները «կզացնելու եմ, սատկացնելու եմ» արտահայտությունը որպես հանցակազմ դիտարկելու- չդիտարկելու պարագայում: Հենց սկզբից ասեմ, որ չլինելով իրավաբան, ինձ իրավունք եմ վերապահում քննարկել այդ իրավական թնջուկը զուտ տրամաբանության և եվրոպական ժողովրդավարական պրակտիկայի տեսանկյունից:
Առաջինն այն հիմքով, որ իրավաբանությունը, որքան էլ առաջին հայացքից խուճուճ թվա, կառուցված է հենց տրամաբանության վրա: Իսկ երկրորդի առումով հայ հասարակության գրագետ հատվածը որոշակի գաղափար կազմեց այս տարվա՝ կեղծիքներով լի խորհրդարանական ընտրությունների շնորհիվ:
Սկսենք տեղի գործոնից: «Կզացնելու եմ, սատկացնելու եմ» արտահայտությունը Ն.Փ.-ն գործածել է հրապարակավ՝ բազմաթիվ քաղաքացիների շրջապատում՝ նրանց վրա գործելով երկակի ազդեցություն: Գրագետ ունկնդիրների վրա այն ունեցել է վանող ազդեցություն, իսկ իր աջակից կիսագրագետների վրա՝ 180 աստիճանով տարբերվող ազդեցություն:
Առաջինները ստիպված են եղել թաքցնել իրենց վրդովմունքը, որպեսզի չարժանանային ոստիկանության կողմից բերման ենթարկվելուն: Երկրորդները, բնականաբար, հրապարակավ արտահայտել են իրենց հրճվանքը: Այնուհետև այդ դրվագը շրջանառվել է մամուլում և հատկապես հեռուստատեսությամբ՝ ապահովելով բազմահազար դիտումներ: Ինչի շնորհիվ երկակի ազդեցության շրջանակը տասնյակ և հարյուրավոր անգամ ավելի է մեծացել:
Գանք քաղաքացի Ա. Մ.-ին: Վերջինս, ինչպես նշեց այդ օրինակը ներկայացնող բանախոսը, ենթադրել է, որ եթե Ն.Փ.-ի դեպքում «կզացնելու եմ, սատկացնելու եմ» արտահայտությունը հանցակազմ չի պարունակում, ապա նույնը կլինի՝ եթե ինքը այն տեղադրի սոցցանցային իր էջում: Տեղյակ չեմ, թե որքան լայն է վերջինիս «ազդեցության» շրջանակը, բայց վստահ եմ, որ դա անգամներով ավելի քիչ կլինի, քան Ն.Փ.-ի դեպքում՝ հաշվի առնելով Ն.Փ.-ի կարգավիճակն ու հեռուստատեսությամբ այդ արտահայտությունը տարածվելու պարագան: Սակայն քաղաքացի Ա. Մ.-ի հետազոտական փորձը փորձանք է դարձել նրա գլխին, ու վերջինիս առումով հարուցվել է քրեական վարույթ: Դա ենթադրում եմ՝ հաշվի առնելով, որ «կզացնելու եմ, սատկացնելու եմ» արտահայտությունը նրա դեպքում, չգիտես ինչ տրամաբանությամբ, պարունակել է հանցակազմ:
Անցնենք իրադրության, ժամանակի և միջավայրի գործոններին, որոնց առումով արդեն իսկ խոսվեց տեղի գործոնի քննարկմանը: Իրադությունը քարոզչային էր, այսինքն հավաքվել կամ վարչական լծակն օգտագործելով՝ բերվել էին նրանք, ովքեր համակիր էին կյամ կախված գործող իշխանությունից: Ինչը նշանակում է, որ եթե «կզացնելու եմ, սատկացնելու եմ» արտահայտությունն արտասանելուց հետո որևէ մեկը փորձեր զարմացած բարձրաձայն հարցնել, թե դա ինչ խոսք է պետության ղեկավարի շուրթերից, ապա այդ մեկը վստահաբար կենթարկվեր այդ արտահայտությամբ գրգռված ամբոխի հարձակմանը: Եթե որևէ մեկը փորձի հակաճառել, ապա դրան կուղարկեմ հոգեբանի մոտ դասախոսություն լսելու: Ժամանակն ու միջավայրը իրադրության բաղկացուցիչներից են, այնպես որ դրանց վրա առանձին կանգ առնելն իմաստ չունի:
Եվ եթե այդ երեք գործոններին ավելացնենք նաև անձի՝ «ՀՀ մեծարգո վարչապետի» պահը, ապա չեմ կասկածում, որ հարձակվողների կողքին կլինեն նաև իրավապահները: Որոնք կփորձեն ոչ թե կարգ ու կանոն պահպանել, այլ «պաշտպանել» օտարի վրա հարձակվողների սրտի վարչապետին: Ի դեպ, քարոզարշավային օրերին Հայաստանից ոմանք եվրոպական կառույցներից փորձել էին պարզել, թե որքանով է իրավաչափ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից փողոցային բառապաշարի օգտագործումը: Կարծում եմ, որ որևէ մեկը չի կասկածում վերոբերյալ արտահայտության բնույթի ինչպիսին լինելուն: Ինչևէ, պատասխանն այն էր, որ նախընտրական քարոզչության օրերին այդ հարցի սրությունը մի փոքր մեղմվում է՝ քանի որ զգացմունքային պահերին մարդիկ կարող են դուրս գալ սովորական վարվելակերպից: Բայց միաժամանակ արձանագրել էին, որ դա վերաբերում է ընդդիմությանը, իսկ իշխանություն առումով այն չի կարող գործել, քանի որ բարձրագույն պաշտոնը ստիպում է դրսևորել ավելի պատասխանատու վարքագիծ: Որքան հիշում եմ, արդարադատության տիկին նախարարը ՍԴ-ում դա բարձրաձայնել էր՝ «մոռանալով» հիշատակել իշխանությանն առնչվող բաղադրիչը:
Ասվածը նշանակում է, որ «կզացնելու եմ, սատկացնելու եմ» արտահայտությունը պետք է հանցակազմ պարունակեր հենց վարչապետի պարագայում: Ու դա այդպես կլիներ՝ եթե Հայաստանը լիներ իսկապես ժողովրդավարական ու ժողովրդավարական ակումբի անդամ լինելու արժանի պետություն: Բայց քանի որ աշխարհը փոփոխվում է, իսկ մենք էլ ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում, անձի գործոնը կատարեց հակատրամաբանական դերակատարում: Դե, իսկ քննչականի պետն էլ առյուծի սիրտ չէր կերել, որպեսզի դեմ գնար իրականությանը:
ՀԳ. Զարմանալի բան ասեմ. իմ՝ 67+ տարիքում, ի դեմս Արթուր Պողոսյանի, առաջին անգամ եմ տեսնում քննչականի բարեհամբույր պետի:


Բաց մի թողեք
Բաղրամյանում ՔՊ-ին չպետք է գրանցեին․ դիտորդներ
Այն, ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ
Սպիտակ համայնքում վարչական ռեսուրսի և պաշտոնական լիազորությունների ենթադրյալ չարաշահման մասին