06/05/2026

EU – Armenia

Թրամփը սպառնացել է «ջնջել Իրանը երկրի երեսից»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հորմուզի նեղուցի վերաբերյալ «նոր նախազգուշացում» է հղել Իրանին: Եթե իրանցիները փորձեն հարձակվել այդ տարածքում գտնվող ամերիկյան նավերի վրա, նրանք «կջնջվեն երկրի երեսից»։

Այդ մասին հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով Սպիտակ տան ղեկավարի հետ հարցազրույցին: Ավելին, ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ իրանցիները «շատ ավելի ճկուն» են դարձել հակամարտության հնարավոր կարգավորման շուրջ բանակցություններում:

Թրամփը նաև առաջարկել է Հարավային Կորեային դիտարկել Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական գործողություններին մասնակցելու հնարավորությունը: «Հնարավոր է՝ ժամանակն է, որ Հարավային Կորեան միանա առաքելությանը»,-գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում: Նա մեջբերել է Հորմուզի նեղուցում հարավկորեական HMM ընկերության կողմից շահագործվող նավի վրա տեղի ունեցած պայթյունի և հրդեհի մասին հաղորդագրությունները: «Ներկայումս որևէ վնաս չկա, բացի հարավկորեական նավի Հորմուզի նեղուցով տարանցման ժամանակ վնասվելուց», -պնդել է ամերիկացի առաջնորդը:

Նա նաև նշել է, որ Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը երեքշաբթի օրը լրագրողների համար կանցկացնեն ևս մեկ ճեպազրույց՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական գործողության ընթացքի վերաբերյալ:

ԱՄՆ նախագահը մայիսի 3-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Հորմուզի նեղուցում կսկսի «Ազատություն» նախագիծ գործողությունը: Նախագահի խոսքով՝ այն կկենտրոնանա նավերի նեղուցից անվտանգ դուրսբերման ապահովման վրա: Ամերիկացի առաջնորդը սպառնացել է ուժով պատասխանել, «եթե այս մարդասիրական գործընթացը որևէ միջամտության ենթարկվի»:

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի (Մեջլիս) ղեկավար Էբրահիմ Ազիզին զգուշացրել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցում նավագնացությանը ցանկացած միջամտություն կհամարի որպես հրադադարի խախտում: Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի կառավարումը «հիմնված չի լինի Թրամփի մոլորեցնող հայտարարությունների վրա»,- գրել է Ազիզին X սոցիալական ցանցում: