06/05/2026

EU – Armenia

Հերթական պատմական հնարավորությունը բաց թողնվեց

ԵՄ 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում մի քանի փաստաթուղթ ստորագրվեց` հուշագրեր, համագործակցության հայտարարություններ: Ստորագրվեց նաեւ մեր պատմական Անիի հայտնի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքներ իրականացնելու մասին արձանագրություն, որը ստորագրեցին հայկական կողմից Ռուբեն Ռուբինյանը, թուրքական կողմից` Սերդար Քըլըչը:

Այդ մասին տեղեկությունը Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում էլ է հրապարակել: Փաշինյանը, որն արգելում է «Արցախ» անունը հնչեցնել, խոսել Արարատ լեռան մասին ու Արարատի պատկերն է հանում բոլոր տեղերից, անգամ Խոր Վիրապը հակառակ կողմից է նկարել տալիս, որ ֆոնին Արարատը չերեւա, եւ ասում է, որ այդ խոսույթը պատերազմ է հրահրում, հանկարծ հետամուտ է, որ Թուրքիայի տարածքում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հետ ոչ մի կապ չունեցող Անիի կամուրջը վերականգնվի: Ի՞նչ է տալու մեզ Անիի կամուրջը, մանավանդ՝ եթե հայ-թուրքական սահմանը բաց չէ, եւ մենք չենք կարող ուղիղ այցելել Անի:

Պատմաբան, Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով այս մասին, նկատում է.

«Այս հարցն իրականում պետք է այլ հարթությունների մեջ դիտարկենք: Դեռեւս 2010 թվականին ես ԱՄՆ այն ժամանակվա դեսպանին մի առաջարկ էի արել, որ գոնե միջնորդեն` Հայաստան այցելած զբոսաշրջիկները կարողանան Անիի տարածք անցնել` կամրջով: Ես այս մասին առաջին անգամ եմ խոսում: Դեսպանն ինձ պատասխանեց, որ շատ դժվար, գրեթե անհնարին բան եմ ցանկանում, քանի որ թուրքական կողմի հետ դժվար է այդ հարցի շուրջ բանակցելը: Եթե Թուրքիան ու Հայաստանը պաշտոնապես չունեն միջպետական հարաբերություններ, եթե դեռեւս դիվանագիտական կապեր չեն հաստատվել, եւ կա փակ սահման, որը Թուրքիայի կողմից առնվազն ոչ բարիդրացիական հարաբերությունների դրսեւորում է, ապա միջազգային ո՞ր օրենսդրական հենքի վրա են կողմերն ինչ-որ թղթի տակ ստորագրում, որպեսզի այն լինի լեգիտիմ: Այստեղ կան հարցեր: Ի՞նչ է կամուրջ կոչվածը: Երկու հենասյուն են, մի մասը ՀՀ տարածքում է գտնվում, սակայն՝ չեզոք գոտում, մյուսը` Թուրքիայում: Ստացվում է, որ այդ կամուրջը երկու տեր ունի, մեկը` Հայաստանում, մյուսը` Թուրքիայում: Այս պարագայում ՀՀ քաղաքացին չի կարող իր տարածքով Անիի կամրջին մոտենալ, քանի որ այլ երկրի սահմանապահ ուժերն այնտեղ ռեժիմային վերահսկողություն են իրականացնում, որը կոչվում է չեզոք սահման: Անին տեսնելու համար մենք այլ պետության զինուժի ներկայացուցչին համապատասխան փաստաթղթեր ենք ցույց տալիս, որպեսզի կարողանանք առաջ շարժվել: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է Թուրքիան համաձայնել ստորագրել այդ փաստաթղթի տակ, ապա դա մի փոքրիկ կոնֆետ էր Փաշինյանի համար, որպեսզի որոշ ժամանակ զբաղվի: Զուտ քարոզչական նպատակով դա արվեց` իմիջ ստեղծելու համար: Իսկ ի՞նչ չարեցին ՀՀ իշխանությունները, բաց թողնելով նման բացառիկ հնարավորությունը, որն ուղղակի ամոթալի է: Նույնիսկ չկարողացան բանակցել, որպեսզի հայ-թուրքական սահմաններն ապաշրջափակվեին: Սա շատ հարմար առիթ էր: Իշխանություններին դրա համար պետք է 2-ից հանած նշանակել: Սա պատմական հնարավորություն էր, որը հերթական անգամ բաց թողնվեց: Երեւանում երբեք այդպիսի ներկայանալի հավաք չի եղել, որ այդքան պետությունների ղեկավարներ գան: Այդքան ծախս է արվել` հարկատուներիս հաշվին, սակայն Հայաստանն արդյունքում որեւէ բան չստացավ: Դա է նիկոլական ուզուրպացված իշխանության դեմքը: Մի հատ կոնֆետի, խաղալիքի նման բան տվեցին` Անիի կամուրջ անվանումով, ինչը կարող է անգամ կյանքի էլ չկոչվել: Կամ, ենթադրենք, կամուրջը նորոգվեց, երկու կողմերը իրար ձեռք սեղմեցին, իսկ հետո, ի՞նչ է լինելու հետո: Սահմաններն ապաշրջափակվելո՞ւ են, թե՞ ոչ: Լավագույն դեպքում կասեն` գնացեք, Անին տեսեք, լաց եղեք, հետ եկեք, իսկ ռազմավարական առումով՝ զրո քայլ»: