Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցկայքի իր էջում ներկայացրել է, թե իրեն ինչպես են պահում Ռուսթավիի բանտի մենախցերից մեկում։
Նա գրել է, որ գտնվում է ոչ մեծ մութ սենյակում, որտեղ օդափոխությունը վատ է եւ որտեղ կան շատ փայտոջիլներ։ Սանիտարական եւ հիգիենիկ պայմանները չեն համապատասխանում սահմանված պահանջներին։
Սաակաշվիլին նշել է, որ այս տարվա հոկտեմբերի մեկին լրանում է հինգ տարին, որ գտնվում է բանտարկության մեջ եւ համաձայն միջազգային նորմերի՝ հինգ տարի մենախցում պահելը համարժեք է դիտարկվում անմարդկային վերաբերմունքին։ Սաակաշվիլին գրել է, որ բանտը գտնվում է Ռուսթավիի ցեմենտի գործարանի հարեւանությամբ, որը պատկանում է Իվանիշվիլիին։
Գործարանը կանցերոգեն փոշի է արտազատում եւ դա շնչում են բանտարկյալները։ Նրանց համար, ինչպես եւ իր համար, երբեմն դժվար է լինում շնչելը։
Ի տարբերություն բանտարկյալների մեծամասնության՝ իրեն արգելված է եղել հեռախոսազանգեր կատարելը, թեեւ դա օրենքով նախատեսված է։ Միայն վերջերս են թույլատրել շաբաթական մի քանի րոպե հեռախոսային զանգ կատարել։ Սաակաշվիլին նաեւ հայտնել է, որ իրեն մերժել են հանդիպում կազմակերպել ուկրաինական հյուպատոսի հետ, ուկրաինական տպագիր նյութեր եւ տեսանյութեր ստանալ։
Փաստաբաններին անհասկանալի պատճառներով արգելել են լուսանկարներ բերել իրեն, այդ թվում նաեւ՝ երեխաների եւ թոռան լուսանկարը։ Բազմաթիվ միջազգային, կառավարական եւ պառլամենտական պատվիրակություններ ցանկություն են հայտնել բազմաթիվ անգամներ այցելել իրեն, սակայն մերժում են ստացել։Որպես ամփոփում էլ ասել է, որ իրեն վերաբերվում են որպես ռազմագերու։
Ընդ որում, խախտում են Ժնեւյան կոնվենցիան։ Հիշեցնենք, որ Սաակաշվիլին 21 թվականին գաղտնի վերադարձել էր Վրաստան, ձերբակալվել, դատապարտվել 4,5 տարվա բանտարկության՝ սահմանի անօրինական հատման համար։ Նախորդիվ նրա հանդեպ կայացված վճիռներն էլ գումարած՝ Վրաստանի նախկին նախագահի պատժաչափն ընդհանուր առմամբ 12,5 տարի է։


Բաց մի թողեք
Բայրամովը Ուկրաինայում է
ՆԱՏՕ-ն կարեւոր հայտարարություն է արել
«50:50» հավանականություն կա, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության կհասնեն մինչև ուրբաթ․ CNN