06/05/2026

EU – Armenia

Ներքին մասնատվածությամբ Թուրքիան չի կարող սպասարկել այն նպատակները, որ իր առջև դրել է

Մերձավոր Արևելքում իսրայելա-թուրքական դիմակայունը ոչ միայն չի հաղթահարվում, այլեւ, կարծես, մտել է «ինստիտուցիոնալացման փուլ»։ Փորձագետները գրեթե «փաստ» են համարում ռազմական հակամարտ դաշինքների ձևավորումը։

Թուրքիան քննարկումներ է սկսել Սաուդյան Արաբիայի, Կատարի և Եգիպտոսի, Իսրայելը՝ Հունաստանի և Կիպրոսի հետ։ Որոշ տեղեկություններով՝ Իսրայելին «կաջակցեն Հնդկաստանը, իսկ տարածաշրջանի երկրներից՝ Արաբական միացյալ էմիրությունները և Հորդանանը»։

Այս առումով Թուրքիայի «Ազգայնական կուսակցության» առաջնորդ Դևլեթ Բահչելին խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանը հանդես է եկել սենսացիոն առաջարկությամբ։

Նա հայտարարել է, որ «Քրդական բանվորական կուսակցության» առաջնորդ Աբդուլլա Օջալանը «պետք է իրավա – քաղաքական կարգավիճակ ստանա, որպեսզի «Թուրքիան առանց ահաբեկչության» ծրագիրը լիովին կյանքի կոչվի»։

Քրդամետ DEM կուսակցության առաջնորդ Թունջեր Բաքիրխանը ողջունել է Բահչելիի առաջարկությունը։ Նա պարզաբանել է, որ ՔԲԿ-ն «շրջանառությունից հանել է զենքը, բայց ամբողջական համերաշխությունը պետք է կայանա սոցիալ-հոգեբանական և քաղաքական մակար»ակներում»։

Բաքիրխանը համոզված է, որ ազատ շփումներ ունենալու դեպքում Օջալանը «մագնիսի դեր կկատարի և կմիավորի բոլոր խմբավորումներին»։

Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը, երևում է, Թուրքիայի իշխանություններին ստիպում է քրդական հարցում նոր դիրքորոշում ընտրել։ Հավանական պատերազմի դեպքում Թուրքիան խոցելի կլինի, եթե քրդերը, օգտվելով առիթից, զինված ապստամբություն բարձրացնեն։

Բացառված չէ, իհարկե, որ Օջալանի ցմահ ազատազրկման ռեժիմի որոշակի բարելավումը և քրդական հարցում «քաղաքական բարեփոխումները» նաև Եվրամիության հետ հարաբերությունների ավելի սերտացման «նախապայման» են, բայց գլխավոր նպատակը թուրք-քրդական «հաշտությունն» է։

Ներքին մասնատվածությամբ Թուրքիան չի կարող սպասարկել այն նպատակները, որ իր առջև դրել է։ Քրդական հարցի յուրովի «լուծումը», իհարկե, երաշխիք չէ, որ Թուրքիան «կմնտնի Երուսաղեմ», ինչպես սպառնացել է Էրդողանը, բայց գլխավորը ներքին դիմադրությունն է։

Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ թուրքական վերնախավը և հանրությունը «քրդերի հետ եղբայրանալուն» պատրաստ են։