05/05/2026

EU – Armenia

Ինչ է տեղի ունեցել Վեդիում՝ ըստ ՔԿ-ի. քույրերի նկատմամբ մանկապղծության աղմկահարույց դեպքից նոր մանրամասներ

Վեդի քաղաքում անչափահաս քույրերի հետ կապված և համացանցում լայն տարածում ստացած տեղեկատվության վերաբերյալ Քննչական կոմիտեն ներկայացրել է քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզված որոշակի հանգամանքներ:

«Այսպես․ 2026 թվականի փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրը ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ փետրվարի 8-ին Վ. Ե.-ն, օգտվելով իր դստեր անօգնական վիճակից (տառապում է մտավոր հետամնացություն ախտորոշմամբ), կատարել է անառակաբարո արարք:

Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անչափահաս տուժողը ցուցմունք է տվել, որ Վ. Ե.-ն իրենց տան բարերարն է և նրա հետ սեռական հարաբերություն չի ունեցել:

Անչափահասը հրաժարվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց:

Այնուհետև 2026 թվականի ապրիլի 22-ին անչափահաս տուժողի քույրը, որը նույնպես անչափահաս է, ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ապրիլի ընթացքում իրեն է մոտեցել անծանոթ տղամարդ՝ Արթուր անունով, համոզելով իրեն՝ նստեցրել է ավտոմեքենան՝ դպրոց տանելու նպատակով, սակայն տարել է քաղաքի եկեղեցու ճանապարհին առկա շինության մոտ ու սեռական հարաբերություն ունեցել իր հետ:

Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացված տեղեկատվության համաձայն՝ անչափահաս տուժողն ունի մտավոր խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների և մանկավարժահոգեբանական ծառայությունների կարիք:

Անչափահաս տուժողը նախաքննության ընթացքում տվել է իրարամերժ, հակասական ցուցմունքներ, մասնավորապես մի դեպքում ընդհանրապես հերքել է որևէ անձի, այդ թվում՝ Արթուրի հետ սեռական հարաբերություն ունենալու հանգամանքը՝ նշելով, որ այդ տղամարդը չի փորձել իր հետ սեռական հարաբերություն ունենալ, չի հարվածել և նույնիսկ չի համբուրել իրեն, իսկ դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտնել է, որ շուրջ մեկ տարի է, ինչ սեռական հարաբերություններ է ունենում մեկ այլ անձի հետ:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝

անչափահաս տուժողի վերաբերյալ նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն,

հարցաքննվել են անչափահասների մատնանշած անձինք, անչափահասների ընտանիքի անդամները, մանկավարժները,

համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Դեպքի իրական հանգամանքները պարզելու նպատակով նախաքննության մարմինը իրականացնում է անհրաժետ վարութային և ապացուցողական գործողություններ:

Հաշվի առնելով անչափահաս տուժողների լավագույն շահը՝ Քննչական կոմիտեն հորդորում է զերծ մնալ անչափահասների վերաբերյալ չճշտված, ինչպես նաև նրանց նույնականացնող տեղեկություններ համացանցում տարածելուց»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ լրագրող Սյուզի Բադոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարել էր, թե Վեդիում 2 երեխայի մանկապղծության դեպք է գրանցվել, այնուհետև եղել է վենդետա՝ դանակահարություն, և ՆԳՆ-ն իբր փորձում էր կոծկել դեպքերը:

Ներքին գործերի նախարարությունից հերքել էին այս տեղեկատվությունը՝ նշելով մանրամասներ ու հայտնելով, թե ինչ է եղել իրականում: