05/05/2026

EU – Armenia

Ռումինիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել վարչապետին. երկրի նախագահն ընդհատել է երևանյան այցն ու մեկնել

Ռումինիայի խորհրդարանն անվստահության քվե է հայտնել վարչապետ Իլիե Բոլոժանի (Ազգային-ազատական կուսակցություն) կառավարությանը:

Կառավարության հրաժարականի օգտին քվեարկել է 281 պատգամավոր և սենատոր, դեմ՝ 4-ը: Անվստահության քվեին հավանություն տալու համար անհրաժեշտ էր առնվազն 233 ձայն: Կառավարող կոալիցիոն կուսակցությունների՝ Ազգային-ազատական կուսակցության, Հանուն Ռումինիայի փրկության դաշինքի և Ռումինիայի հունգարացիների դեմոկրատական միության պատգամավորները մնացել են դահլիճում, բայց չեն մասնակցել քվեարկությանը:

Բոլոժանի կառավարությանը մեղադրում են այն բանի համար, որ նրա ընդունած խիստ խնայողության միջոցները հանգեցրել են ռումինացիների կենսամակարդակի կտրուկ անկման։ Բացի այդ՝ վարչապետին մեղադրում են պետության ռազմավարական ակտիվներն օտարերկրյա ընկերություններին վաճառելու մտադրության համար:

Այս որոշման մասին հայտարարության հրապարակայնացումից հետո Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը վաղաժամ հեռացել է Հայաստանից:

The Guardian-ը գրում է, որ տեղական ժամանակով ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով 19:00-ին) Դանը հանդես կգա հայտարարությամբ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Նախագահ Դանը նշել է, որ ծայրահեղ աջ «Հանուն ռումինացիների միավորման» դաշինքը ապագա կառավարության ձևավորման գործում դերակատարում չի ունենա, և վստահեցրել է, որ Ռումինիան կպահպանի իր արևմտամետ ուղղվածությունը։

Այժմ երկրի ղեկավարը պետք է առաջարկի վարչապետի նոր թեկնածու:

Եթե խորհրդարանը երկու անգամ մերժի առաջարկված տարբերակները, նախագահն իրավունք կստանա լուծարելու խորհրդարանը և նշանակելու արտահերթ ընտրություն:

Նիկուշոր Դանը Հայաստանում մասնակցել էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։