05/05/2026

EU – Armenia

Էմանուել Մակրոնը Գյումրիում է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում է։ Նա այցելեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակ՝ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին ծաղիկներ դրեց` հարգանքի տուրք մատուցելով նահատակներին։

Այնուհետև Մակրոնը կարճ շրջայց կատարեց Գյումրու կենտրոնական փողոցով։ Շրջայցի ընթացքում, չնայած անվտանգության ծառայության խիստ վերահսկողությանը, բազմաթիվ քաղաքացիներ փորձում էին շփվել նրա հետ թեկուզ հեռվից` ժպիտներով, ողջույններով ու համբույրներ փոխանցելով։

Նկատելի էր, որ Մակրոնը բավականին հուզված էր նման ջերմ ընդունելությունից։ Ուշագրավ էր, որ այդ ընթացքում քաղաքացիներից մեկը կանչում էր Ֆրանսիայի նախագահի կողքին կանգնած Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «Պարոն վարչապետ, կը՞ռնամ չերեզ քեզ, նվեր տամ Մակրոնին»։ Ու չնայած Փաշինյանը անպատասխան թողեց քաղաքացուն, մեր հարցին, թե ի՞նչ էր փոխանցելու, տղամարդը չցանկացավ ասել։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Գյումրի ուղղաթիռով։ Նրա այցին զուգահեռ, քաղաքի Յոթ վերք եկեղեցու բակում մի խումբ գյումրեցիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ ի աջակցություն Միքայել Սրբազանի։ Սակայն Մակրոնը շրջանցեց այդ հատվածը՝ ուղևորվելով այլ ուղղությամբ։

Նախատեսված էր, որ նա այցի շրջանակում կայցելի թիվ 10 ֆրանսիական թեքումով դպրոց, սակայն լրագրողներին տեղեկացրեցին, որ այդ այցը հետաձգվել է՝ նախագահի խիստ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով։

Այսպիսով, բողոքի ակցիայի մասնակիցները հնարավորություն չունեցան հանդիպելու Մակրոնին։ Ակցիայի պատճառով Գյումրու Յոթ Վերք եկեղեցու տարածքը, ինչպես նաև շրջակա փողոցները, խիստ վերահսկվում են ոստիկանության կողմից։

Ես ստանձնում եմ Փաշինյանին աջակցելու պարտավորությունը, որին վստահում եմ 8 տարի, օտարերկրյա գործակալների կողմից կան միջամտություններ՝ Մոսկվայի պատվերով, փորձում են կեղծել ժողովրդավարությունը: Այս մասին ԶԼՄ-ների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատասխանելով հարցին, թե երբ Ֆրանսիայի նախագահը խոսում է Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին, արդյո՞ք Մակրոնի ցուցաբերած աջակցությունը նույնպես օտարերկրյա միջամտություն չի համարվում:

«Պետք է տեսնել, թե որոնք են միջամտությունները, որոնք փորձում են մանիպուլյացիայի ենթարկել ժողովրդավարական կյանքը բաց երեսով: Ես ստանձնում եմ այս աջակցությունը, ես ստանձնում եմ Փաշինյանին աջակցելու պարտավորությունը, որին վստահում եմ 8 տարի, և նույնը արել եմ Մայա Սանդուի դեպքում, Մայա Սանդուն՝ ով դիմակայում էր ոչ եվրոպական ընտրության։

Ես ստանձնում եմ լիովին այս որոշումը պաշտպանել Եվրոպան, Եվրոպայի որոշումները, բայց դա նույնը չէ, ինչ այդ փոխազդեցությունները, որոնք ԶԼՄ-ների միջոցով, կողծ տեղեկատվության միջոցով փորձում են ապակայունացնել իրավական պետությունը, տարբերությունը սրանում է:

Այստեղ բաց երեսով միջամտություն է, և հակառակը՝ կան միջամտություններ օտարերկրյա գործակալների կողմից՝ Մոսկվայի պատվերով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը, ես տալիս եմ իմ փաստարկները և մասնակցում եմ ժողովրդավարությանը որպես Ֆրանսիայի նախագահ, ես չեմ կեղծում, կարևոր է դա հիշել»,- նշել է նա:

Եվրոպական լինդերների հայաստանյան այցի օրակարգի կուլմինացիան Էմանուել Մակրոնի կողմից Ֆրանսիայի բարձրագույն պարգև՝ «Պատվո լեգիոնի» շքանշանով Նիկոլ Փաշինյանին, Վահագն Խաչատուրյանին պարգևատրելու դրվագն էր։

Շատերը, բնականաբար, այս փաստը ներկայացնում ու ընդունում են, որպես «պատմական» ու «աննախադեպ», սակայն շտապեմ հիասթափեցնել, քանի որ դա հերթական ծխածակույթն է։ Բանն այն է, որ ֆրանսիական քաղաքականության մեջ դա հին, անգամ «շաբլոն» դարձած մի գործընթաց է, որը քանիցս դրսևորվել է սեփական պետական շահերը համապատասխան ձևով օգտագործելու նպատակով։

Ի սկզբանե փաստեմ, որ այս մեխանիզմը կիրառվել է գաղութային քաղաքականության մեջ․ պարգևատրումները հաճախ օգտագործվում էին տեղական էլիտաներին «գնելու» և Ֆրանսիայի ազդեցությունը պահպանելու համար։ Եթե սա դնենք պատմական համեմատության մեջ, ապա պատկերը գրեթե չի փոխվել Նապոլեոնի ժամանակներից ի վեր (այս պարգևը 1802 թվականին ստեղծել է հենց Բանապարտը)։ Միայն մի տարբերությամբ՝ 19-րդ դարում Ֆրանսիան, «Պատվո լեգիոն»-ով պարգևատրելով, ձևավորում էր իր ներսի նոր էլիտան, իսկ 20-րդ դարում, այն դարձել էր արտաքին էլիտաների կառավարման գործիք։

Ահա մի քանի ցցուն օրինակներ․ Գաբոնում Օմար Բոնգոյի կառավարման տարիներին (1967–2009) դասական անձնակենտրոն ավտորիտար համակարգ էր գործում․ իշխանությունն ամբողջովին կենտրոնացված էր մեկ անձի շուրջ, ընտրությունների վերահսկվում էր իշխող խմբակի կողմից, իսկ ընդդիմության իրավունքներն ամբողջովին սահմանափակված էին (ձեռագիրը բան չի հիշեցնո՞ւմ)։ Նա կառուցել էր մի համակարգ, որը քաղաքագիտության մեջ հաճախ կոչվում է «նավթային հովանավորչական պետություն», որտեղ ռեսուրսները վերածվել էին քաղաքական լոյալության գործիքի։ Սա գրեթե հայելի արտացոլումն է սառը պատերազմի շրջանի բազմաթիվ «կայունության ռեժիմների» (Եգիպտոս, Չիլի), որոնք արտաքին աջակցությամբ երկարաձգում էին իրենց գոյությունը։

Նմանատիպ տրամաբանությամբ էր նաև Կամերունում՝ Պոլ Բիյայի գլխավորությամբ ստեղծված իրավիճակը։ 1982-ից իշխանության մեջ լինելով՝ նա ձևավորել էր երկարատև, կոշտ վերահսկողության համակարգ՝ սահմանափակ քաղաքական մրցակցությամբ և պարբերաբար կասկածի տակ դրվող ընտրություններով։ Նրա իշխանությունը հաճախ ներկայացվում է որպես «կայունության երաշխիք», ինչը պատմականորեն նույն հռետորաբանությունն է, որով արդարացվել են բազմաթիվ ավտորիտար ռեժիմներ՝ թե՛ Աֆրիկայում, թե՛ այլուր։

Ավելի բարդ դեպք է Ֆելիքս Ուֆուե-Բուանյի դեպքը Կոտ դը Իվուարում։ Նա երկար տարիներ երկիրը ղեկավարել է միակուսակցական համակարգով, ինչը փաստացի ավտորիտար կառուցվածք է, բայց միևնույն ժամանակ պահպանել է հարաբերական տնտեսական աճ և ներքին կայունություն (շատ նման է չէ՞)։ Սա այն դասական «զարգացման ավտորիտարիզմն» է, որը հաճախ ներկայացվում է որպես արդարացում՝ քաղաքական բազմակարծության հաշվին տնտեսական արդյունքներ ապահովելու համար

Ըստ էության՝ Ֆրանսիան (և ոչ միայն) հաճախ պարգևատրել է այն առաջնորդներին, որոնք ապահովել են կանխատեսելիություն և վերահսկելիություն, եթե դա արվել է ժողովրդավարության հաշվին։ Սա հիշեցնում է թե՛ գաղութային վարչակարգերի «տեղական հենարանների» ընտրությունը, թե՛ սառը պատերազմի ժամանակ «մեր ավտորիտարներն ավելի լավ են, քան ձեր անկայուն ժողովրդավարները» տրամաբանությունը։

Այսպիսով, նման շքանշանով պարգևատրումն ամբողջովին դասվում է «փափուկ ուժի» տրամաբանության մեջ․ այս կերպ, շատ հանգիստ տվյալ տարածաշրջանում Ֆրանսիան դառնում է «լավ» գործընկեր՝ հաստատելով սեփական ազդեցության զոնան։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ներկա են «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» համերգին:

Ֆրանսիայի նախագահը բարձրացել է բեմ, ելույթ ունեցել գյումրեցիների առաջ, շնորհակալություն հայտնել Երևանում և Գյումրիում ստացած ջերմ ընդունելության ու մեծ տպավորությունների համար, ընդգծել 2 երկրի ամուր բարեկամությունը:

ՀՀ վարչապետն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին՝ պետական այցի, ՀՀ-ին տրամադրած աջակցության և խոսքերի համար: Վարչապետը նաև հայտնել է, որ համերգը մաս է կազմում Ֆրանսիայի նհախագահի պետական այցի, իսկ Մակրոնի ելույթը այցի վերջին հատվածն է:

«Ես գնում եմ օդանավակայան՝ ճանապարհելու Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, բայց մինչ այդ կուզեի, որ նախ դուք ճանապարհեիք ջերմ ծափահարություններով»,- ասել է ՀՀ վարչապետը:

Մակրոնը հեռացել է ծափահարությունների ներքո, իսկ համերգը շարունակվում է: