16/05/2026

EU – Armenia

Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հարցազրույց է տվել Հունաստանի Հանրային հեռուստաընկերությանը․ Տեսանյութ

Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հարցազրույց է տվել Հունաստանի Հանրային հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով Հայաստանի եվրոպական օրակարգին, տարածաշրջանային զարգացումներին և հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանը։

«Սահմաններ» շաբաթական տեղեկատվական հաղորդումն անդրադարձել է Հայաստանին, որը նախորդ շաբաթ գտնվում էր եվրոպական քաղաքական ուշադրության կենտրոնում՝ հյուրընկալելով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը Երևանում։

Հաղորդման շրջանակում Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը անդրադարձել է տարածաշրջանում ձևավորվող նոր հնարավորություններին՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը կարևորագույն հանգրվան է ամբողջ տարածաշրջանի համար։

Դեսպանը նշել է, որ երկար տարիներ հակամարտությունն ու հաղորդակցությունների շրջափակումը զգալիորեն դանդաղեցրել էին տարածաշրջանային զարգացումը։ Այսօր, սակայն, ընթացող գործընթացները նոր հեռանկարներ են բացում Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար։ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կարող է տարածաշրջանը հակամարտության և դիմակայության գոտուց վերածել համագործակցության, փոխկապակցվածության և բարգավաճման տարածքի՝ Հայաստանը դարձնելով կարևոր տարածաշրջանային հանգույց։

Անդրադառնալով Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին՝ դեսպան Մկրտչյանը ընդգծել է, որ դրանք պատմականորեն գտնվում են բարձրագույն մակարդակի վրա։ Նա կարևորել է 2025 թվականին ընդունված՝ Հայաստանի՝ Եվրոպական միությանը հնարավոր անդամակցության գործընթացին վերաբերող օրենքը՝ նշելով, որ թեև Հայաստանը դեռ պաշտոնապես անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ քայլը հստակ արտահայտում է երկրի քաղաքական կամքը, եվրոպական ձգտումները և ռազմավարական ուղղությունը։

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև Հայաստան–Հունաստան հարաբերություններին, որոնք դեսպանի գնահատմամբ շարունակում են զարգանալ և խորանալ տարբեր ուղղություններով՝ պաշտպանությունից և քաղաքական երկխոսությունից մինչև մշակույթ, կրթություն և միջգերատեսչական համագործակցություն։

Դեսպանը նշել է, որ երկու երկրների միջև քաղաքական հաղորդակցությունը շատ ակտիվ է ինչպես վարչապետների և արտաքին գործերի նախարարների, այնպես էլ տարբեր նախարարությունների և պետական կառույցների մակարդակով։

Դեսպան Մկրտչյանը կարևորել է նաև համագործակցության ընդլայնումը տարածաշրջանային և տեղական մակարդակներում՝ ընդգծելով Սալոնիկիի և Հայաստան քաղաքների ու մարզերի միջև առկա մեծ ներուժը։ Նրա խոսքով՝ նման համագործակցությունը կարող է նոր բովանդակություն հաղորդել հայ-հունական բարեկամական հարաբերություններին և նպաստել գործնական ծրագրերի իրականացմանը։

Տեսանյութն՝ այստեղ