Իջեւանի նախկին հանրախանութի շենքի 2-րդ հարկում գործող «ԻՋ գրանդ տեքստիլ» ընկերության հնդիկ բանվորները բողոքի ակցիաներ են անում։ Նրանք համացանցում տարածել են իրենց պայքարի վերաբերյալ տեսանյութեր, որտեղ նրանցից մեկը ցույց է տալիս իր ձեռքերի, մարմնի տարբեր հատվածների վնասվածքները, պատռված հագուստը։ Տեսանյութերից մեկում ոստիկանը նրան հրելուց կամ մեկ այլ պատճառով վայր է ընկնում։
Հրապարակ թերթը գրել է․ Հնդիկ կարողների բողոքի ցույցն Իջեւանում ավարտվել է մեկ անձի ձերբակալությամբ, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածով։ Հնդիկ բանվորը ձերբակալվել է, նախաքննություն է կատարվում, հայտնի չէ՝ ձերբակալված բանվորը կկալանավորվի՞, թե՞ ոչ: Հնդիկ բանվորների բողոքի գործողություններն արդեն տեւական ժամանակ պարբերաբար տեղի են ունենում։ 2025-ին նրանք աշխատավարձի բարձրացում էին պահանջում։ Որո՞նք են հիմա նրանցպահանջները, նրանց դժգոհության պատճառները։ Իջեւանի կարի արտադրամասում աշխատող լավատեղյակ աղբյուրը նշեց, որ վերջերս փոխվել է ռուսական ընկերության ղեկավարությունը, նախկինում այդ արտադրամասը ղեկավարում էին Թիմուր անունով ռուս տնօրենը եւ Իջեւան քաղաքից Մհեր Միրզոյանը։
Նրանք գերադասում էին հնդիկ բանվորների հետ լոյալ լինել, բավարարել նրանց պահանջները, որոնք վերաբերում էին աշխատանքային եւ կենցաղային պայմաններին։ Թիմուրը եւ Մհեր Միրզոյանն այլեւս չեն աշխատում ռուս սեփականատիրոջը պատկանող ձեռնարկությունում, որի արտադրանքը, այդ թվում՝ տաք հագուստները, արտահանվում են Ռուսաստան։ Արտադրամասի նոր ղեկավարը Ղրիմից է՝ Դելավեր անունով, ազգությամբ թաթար, որը հետամուտ է հնդիկների կողմից աշխատանքային կարգապահության պահպանմանը։ Կարի արտադրամասը գործում է 7 տարի, 3․5 տարի է՝ այդտեղ հնդիկ բանվորներ են աշխատում։ Մոտ 170 հնդիկ կարողներ աշխատում են 18-20 հոգանոց խմբերով, որոնց ղեկավարում են բրիգադիրները։ Նույն արտադրամասի տարածքում, սակայն՝ առանձին հատվածում, աշխատում է Իջեւան քաղաքից եւ համայնքի գյուղերից մոտ 40 հայ կին։ Այդ կանայք վարձատրվում են գործարքային ձեւով՝ իրենց կարած արտադրանքի հաշվարկով։ Իսկ հնդիկ կարողները վարձատրվում են աշխատաժամանակի համար, բոլորի բանկային քարտերին ամեն ամիս փոխանցվում է 500 ԱՄՆ դոլար։ Հնդիկների վերջին բողոքի առիթը եղել է ոչ միայն ցածր աշխատավարձը, այլեւ՝ այն, որ աշխատանքային ժամերին իրենց հեռախոսները հավաքում են, որ նրանք հեռախոսից օգտվեն միայն ընդմիջման ժամին կամ աշխատանքից հետո։ Մեր աղբյուրը հայտնեց, որ շատ հնդիկ բանվորներ հագուստ կարել չեն կարողացել, դա Իջեւանում են սովորել, ոմանք մինչեւ հիմա չեն կարողանում որակ ապահովել։ Արտադրամասի տնօրինությունը կարծում է, որ հնդիկ բանվորներն աշխատանքի ժամին հեռախոս, բլյութութ միացնելով, երաժշտություն լսելով՝ ժամանակ են ձգում, գլուխ են պահում, քանի որ կարեւոր չէ, թե քանի կտոր կկարեն եւ ինչքան արդյունք կտան։
2025թ․ օգոստոսին ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն այցելեց Իջեւան, այդ ժամանակ դեսպանի աջակցությամբ կարի արտադրամասի հնդիկների աշխատավարձը 450 դոլարից բարձրացավ 500 դոլարի։ Արտադրամասի տնօրինությունը հնդիկներին ապահովել է արտադրամասին կից կացարանով, ամեն շաբաթ յուրաքանչյուր կարող հնդիկի սննդի համար սեփականատերը հատկացնում է նաեւ 1500 ռուսական ռուբլուն համարժեք լրացուցիչ գումար։ Արտադրամասի տարածքի վարձակալության համար ընկերությունն իջեւանցի սեփականատիրոջը վճարում է ամսական 1 միլիոն 200 հազար դրամ։ Նման մեծ ծախսեր անող ընկերության տնօրինությունը հետամուտ է, որ հնդիկ բանվորները շատ արտադրանք թողարկեն, ոչ թե աշխատանքի ընթացքում հեռախոսով խոսեն, ժամանակ ձգեն։ Հնդիկներն աշխատում եւ գործում են որպես սոցիալական թիմ՝ համախմբված եւ իրենց շահերը պաշտպանելով։ Նրանք պահանջում են, որ բոլոր հնդիկները նույն չափի աշխատավարձ ստանան։ Հնդիկ կարողների մեջ կան լիդերներ, որոնց հրահանգով են, որպես կանոն, սկսվում բողոքի գործողությունները։
Այս պարագայում, իհարկե, ճիշտ կլինի, որ հնդիկ կարողները, իջեւանցի կին կարողների նման, իրենց կարած արտադրանքի հաշվով՝ գործարքային աշխատավարձ ստանան, այդ դեպքում նրանք չէին դժգոհի 11-ժամյա աշխատանքից, գործի ընթացքում իրենցից հեռախոսները վերցնելուց եւ այլնից եւ շահագրգռված կլինեին լավ աշխատել, շատ արտադրանք տալ։ Այդ դեպքում կքննարկվեր միայն աշխատավարձի չափը։

Բաց մի թողեք
Ավինյան, քանի՞ բնակարան են քեզ խոստացել այս շենքից․ Լուսանկար
Նախընտրական «ռազբորկաներ», ձերբակալությունների ալիք
Ինչ է արել «Պատիվ ունեմ»-ը իր ընտրական հանձնաժողովների տեղերը