Այսօր Նիկոլ Փաշինյանը վարորդական իրավունքի վկայականից զրկված վարորդներին խոստացավ վարորդական իրավունքը վերականգնելու հնարավորություն ընձեռել՝ առանց կրկնակի քննություն հանձնելու։
Նրա խոսքով վկայականի վերականգնումից հետո առաջին տարում վարորդին կտրվի ոչ թե 13, այլ 6 տուգանային միավոր։ Այս հայտարարությունը մեծ աղմուկ է առաջացրել, մարդիկ ասում են` հաջորդիվ հանցագործներին է ներում շնորհելու: Ի դեպ, դրա համար պետք է օրենքում փոփոխություն կատարել, դա վարչապետի իրավասություններից դուրս է:
«Հրապարակ»-ը զրուցել է փաստաբան Արտակ Խաչատուրովի հետ։
– Ի՞նչ է վարորդական իրավունքի կասեցումը և զրկումը։ Ո՞ր դեպքում են կիրառվում և ինչով են տարբերվում միմյանցից։
-Վարորդական իրավունքից զրկումն ու կասեցումը գրեթե նույնն են, մի տարբերությամբ, որ կասեցումը 6 ամսից ավտոմատ վերանում է, իսկ այդ ընթացքում վարորդական վկայականը քեզ մոտ է լինում, ուղղակի վարելու իրավունք չունես, 6 ամիս լրանալուց հետո հաջորդ օրը կարող ես վարել, սա տեղի է ունենում միայն բալերի սպառվելու դեպքում։ Իսկ զրկում տեղի է ունենում այն դեպքում, որ եթե կասեցվել է ու կասեցումից հետո մեկ տարվա ընթացքում կրկին բալերը սպառվում է, այսինքն, մեկ տարվա ընթացքում երկրորդ կասեցումը զրկումն է։ Զրկման հիմք է տարվա ընթացքում երկրորդ անգամ ոչ սթափ վիճակում վարելը, զրկում են միանգամից, եթե խմածության չափը առաջին աստիճանի է։ Զրկման հիմք է նաև պարեկի օրինական պահանջը չկատարելը, ենթադրենք մեքենան կանգնեցնում է ու վարորդը շարունակում է երթևեկությունը, չի կանգնում։ Վերջին հիմքը, որի պատճառով զրկում են վարորդական իրավունքից՝ առանց զույգ համարանիշի մեքենա վարելն է։ Եթե կասեցման դեպքում 6 ամիս հետո ավտոմատ կասեցումը վերացվում էր, ապա զրկման դեպքում 1 տարի անձը իրավունք չունի մեքենա վարելու, դրանից հետո համարվում է վարորդական վկայական չունեցող անձ և պետք է հերթագրվի ու նորից քննություն տա։
-Ի՞նչ կարող է անել վարորդը, եթե զրկվել է վարորդական իրավունքից, բայց համաձայն չէ որոշման հետ։
– Օրենքը շատ լավ հիմքեր տալիս է դատարան դիմելու ու նաև կարող են դիմել, որ դատական պրոցեսի ընթացքում ժամանակավոր դատարանը թույլ տա տրանսպորտային միջոցը վարելու, եթե անձը հիմքեր է ներկայացնում, որ այդ տրանսպորտային միջոցը իր միակ ապրուստի միջոցն է, առանց դրա չի կարող ընտանիք պահել, դատավորը քննում է, ու այդ հիմքով կարող է թույլ տալ մինչև դատական ակտի կայացումը վարել։
– Այսօր Նիկոլ Փաշինյանը վարորդական իրավունքից զրկված վարորդներին խոստացավ նոր օրենք ընդունել, որը թույլ կտա առանց քննության՝ ինքնաշխատ եղանակով մեկ տարի հետո վերականգնել նախկին վարորդական վկայականը։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարությանը և արդյոք սա չի մեծացնի անպատժելիության զգացումն ու թուլացնի զգոնությունը։
– Մեր պատմության մեջ դա բացառիկ դեպք կլինի, որ ինչ որ ժամանակաշրջանում զրկվածների նկատմամբ համաներում կիրառվի։ Ոչ սթափ վիճակում վարելը համարվել է ծանր զանցանք և երբեք նրանց նկատմամբ համաներում չի կիրառվել: Եթե վարորդական իրավունքից զրկված մարդը բողոքում է, որ չի կարողանում քննություն տալ և ուզում է առանց քննության նորից ստանալ վկայականը ու վերադառնա երթևեկություն, դա նորմալ չեմ համարում ու ոչ միայն ես, այլ բնակչության մեծ մասը։ Համաներումը պետության հիմքերից է, երբեմն պետք է համաներում լինի, բայց դա պետք է ողջամիտ լինի և ուղղված լինի անձի հետագա օրինապաշտ վարքագծին, բայց եթե մարդը ի վիճակի չէ քննություն հանձնելու, այս դեպքում առանց քննության տալը, մարդիկ կասեն` դե կարելի է խմած երթևեկել, եթե բռնեն էլ, մի տարի կսպասեմ, նորից կվարեմ։ Իսկ զրկման իմաստն այն է, որ օրինազանց վարորդին հեռացնում ես երթևեկությունից, սպասում ես մինչև համապատասխան քննություն հանձնի, նորից վերադարձնես երթևեկություն, այս դեպքում այդ մեխանիզմը չի աշխատելու։ Ժողովրդական լեզվով ասած՝ շատ անշնորք բան կստացվի։ Հատկապես, որ օրենքը թույլ է տալիս թե քննություն հանձնել, թե դատական կարգով վիճարկել և թե ժամանակավորապես վերականգնել մինչև դատական պրոցեսի ավարտը։ Կընդունեի, եթե արագացված կամ հեշտացված կարգով հանձնեին քննությունը զրկված վարորդները, կամ արտահերթի հնարավորություն ունենային, կամ նրանց համար դասընթաց կազմակերպվեր։ Հիմա փորձել նախընտրական շրջանում հասարակության բոլոր շերտերի սիրտը շահել՝ մեղմ ասած գեղեցիկ չէ։
– Սա կարո՞ղ ենք համարել նախընտրական կաշառքի ձև։
– Ես քաղաքական թեմաներին չեմ ուզում խառնվել, ես երթևեկության ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների իրավական գնահատական եմ տալիս, թե մասնագիտական և թե ժողովրդական։ Ուղղակի ամեն ինչը պետք է ողջամտության սահմանում լինի ու նաև նպատակ հետապնդի։

Բաց մի թողեք
ՔՊ քարոզչական գաղտնի ուղեցույց. հարց N 2, 3, 4
Նախկինում ընտանիքով հպարտացող Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Ընտանիքի միջազգային օրը
Առաջին հերթի եռյակը