19/05/2026

EU – Armenia

Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար

Ասել, որ Փաշինյանի քարոզչական նկարը պոկելու համար ձերբակալված Արմեն Հովհաննիսյանի առեղծվածային մահվան դեպքը սահմռկեցուցիչ է, կնշանակի՝ ոչինչ չասել: Հանրությանը ցնցած, բայց փաշինյանական իշխանության ներկայացուցիչներին ընդհանրապես չանհանգստացրած ահավոր եղելության հիմնական դրվագները հետևյալն են:

«Փաստ» օրաթերթը գրում է. Քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը ձերբակալված է եղել Փաշինյանի քարոզչական պաստառ պոկելու համար, Քննչական կոմիտեում այդ փաստով եղել է հարուցված վարույթ, բայց մարդուն դեռ մեղադրանք ներկայացված չի եղել: Նա ձերբակալվածի կարգավիճակով պահվել է ոստիկանության Արտաշատի բաժնի ՁՊՎ-ում: Այնտեղ, ըստ ՆԳՆ պաշտոնական պարզաբանման, մայիսի 16ին, ժամը 9:30-ի սահմաններում «ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն, բժշկի ցուցումով ձերբակալվածը, ոստիկանների ուղեկցությամբ, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն»: Ապա Նուբարաշենի հոգեբուժարանում, ըստ պաշտոնական վարկածի, նա ինքնասպանություն է գործել ՝ կախվելու եղանակով:

Կար մարդը: Չկա մարդը: Հասցրեցին ինքնասպանության:

Եվ խնդիրը կատարվածի մանրամասների վերաբերյալ տեղին հարցադրումները չեն նույնիսկ: Ամենից խայտառակ, սարսափելի և իրապես սահմռկեցնողն այն է, որ փաշինյանական իշխանությունը դրսևորեց զրո ապրումակցում, զրո կարեկցանք: Ո՛չ մի ցավակցություն, ո՛չ մի մեղքի զգացում, ո՛չ մի վատ զգալ նույնիսկ:

Մա՛րդ է մահացել: Իշխանության մեղքով: Իշխանության հսկողության տակ գտնվող, այն էլ՝ հատո՛ւկ հսկողություն պահանջող հաստատությունում մարդը կյանքին վերջ է տվել: Ու… ոչի՞նչ: Ոչ մի բա՞ն: Միայն «չոր» հաղորդագրությո՞ւն: Էս լո՞ւրջ եք ասում, թե՞ ձեռք եք առնում:

Փաշինյանը, ասես ոչինչ չի պատահել, բարձրախոսն առած, թաղեթաղ է ընկել, կիսաբեռնատարի (պիկապի) թափքից քարոզ է անում: Բայց հենց իր նկարը պոկելու համար էին մարդուն տարել ու ՁՊՎ գցել: Իր ենթակայության տակ գտնվող ոստիկանները: Իր հրամանները կատարող Քննչական կոմիտեն: Իր առողջապահության նախարարի ենթակայության տակ գտնվող հոգեբուժարանում է մարդու մարմինը կախված վիճակում հայտնաբերվել: Ու՝ ոչ մի խո՞սք: Ոչ մի ցավակցությո՞ւն: Ոչ մի պատժվա՞ծ:

Միայն ՄԻՊ-ը, որ համառորեն լռում է իշխանության կողմից մարդկանց իրավունքների համատարած ոտնահարումների դեպքերում, այս անգամ հիշեցրեց իր գոյության մասին ու հայտարարություն արեց, թե իրավասու մարմիններից պարզաբանումներ կպահանջի: Ոչ թե՝ արդեն պահանջել է, այլ՝ դեռ կպահանջի: Դե, կպահանջի, էլի՜…

Սա է փաշինյանական իշխանության նկարագիրն ու բնութագիրը՝ զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրոյական խիղճ (եթե առհասարակ ունեցել են):

Դրոշի ճմռթվածության կամ «վարչապետի դիմաց զգաստ չկանգնելու» համար մարդկանց վայրկենապես «գործից ազատող» Փաշինյանը այս մահվան համար իր ոչ մի ենթակայի կարգի չհրավիրեց: Սա էլ արձանագրենք:

Բայց մյուս կողմից՝ մի՞թե Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը մշտապես էլ թքած չեն ունեցել ցանկացած հայ մարդու կյանքի և առողջության վրա: Ինչ 2018-ի ապրիլին դագաղի կափարիչ ճոճելով վերցրին իշխանությունը, դագաղ ու մահ են բերում ու բերում: Ու դրա վերջը չի երևում: Անընդհատ մահ են բերում: Արցախի բեռից, «վզի թոկից» ազատվելու «գիտակցված զոհողությամբ» հրահրված պատերազմ ու հազարավոր զոհեր, հազարավոր վիրավորներ ու հաշմվածներ:

Մահ ու կորուստ:

Հղի կնոջը Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկում ու սպանում՝ ծնվելիք երեխայի հետ: Սոնա Մնացականյանին անօգնական թողնում են դեպքի վայրում ու ճողոպրում: Ու այնքան ցինիկ են, որ իրենց մանկլավիկ-քարոզիչներով տարածում են, թե երիտասարդ կինը… միտումնավոր նետվել է ավտոյի տակ:

Զրո՛ ապրումակցում: Զրո՛ պատասխանատվություն: Զրո խիղճ: Զրո՛ պատժված:

Բանակի սպային իրենց կողմնակիցը կամ նրա ցուցումով հարվածում են, կոմայի մեջ գցում, մահվան մատնում…

Կացարանի տակ հարմարեցված ինչ-որ խրճիթանման շինության մեջ 15 զինվոր ողջ-ողջ այրվում է: Ու՝ զրո ապրումակցում: Զրո՛ պատասխանատվություն: Զրո խիղճ: Զրո՛ պատժված: Ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա, էլ չենք ասում՝ պաշտպանության նախարարը, հրաժարական չի տալիս:

Դատարանում մարդուն՝ Արմեն Գրիգորյանին մահվան են հասցնում: Զրո՛ ապրումակցում, զրո՛ պատասխանատվություն: Զրո խիղճ:

Ու, այո՛, դա է Փաշինյանի ու նրա իշխանության ներքին էությունը: Այն, որ ցույց է տալիս մատներով, «սրտիկ» չէ, այլ… ագուռ:

Ամենից ահավորն այն է, որ շատերի համար նույնիսկ զարմանալի չէ այս ամենը, եթե չասենք՝ սովորական է դարձել, առօրեական: Իսկապես, ի՞նչ արժե ակնկալել Փաշինյանի նման մի գործչից, որ իր իսկ «բերած» պատերազմի զոհերի մասին «պլ յուս-մինուս 50»-ով է խոսում: Որ, ի լուր զավակ, եղբայր, ամուսին կորցրած մայրերի, քույրերի, կանանց, ի լուր ժողովրդի՝ վերջապես, կանգնում ու ասում է, թե՝ «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց՝ առանց զոհերի…»:

Չէ, սա իշխանավարում չի, սա ուղղակիորեն մահաբեր ընթացք է:

Ու սարսափելի է գիտակցել, որ Փաշինյանն ու ՔՊ-ն երևի իրենք իրենց լավ են զգում, երբ հայ մարդ, հայ մարդիկ են կյանքից զրկվում: Հատկանշական է, որ Փաշինյանի կողմնակիցները շարունակ մի արտահայտություն են անում մյուսների հասցեին, թե՝ «էդ ո՞ւմ էրեխեքի կյանքի հաշվին եք ուզում…» այս կամ այն բանն անել:

Իսկ Փաշինյանն ո՞ւմ երեխաներին մահվան մատնեց իր ձախավեր «քաղաքականությամբ»: Այդ հազարավոր զինվորներին մայր չէր բերե՞լ, թե՞ նրանց կյանքը, այնպե՜ս, «հանուն ոչնչի» էր: Հա, մեկ էլ՝ որ փաշինյանականները չեն սկսում խոսել «նախկինների» ժամանակվա մասին, էլ դիմանալու չէ: Ախր, մի հատ ձեր թափած արյան ծովերին նայեք, ախր, մի հատ ձեր պատճառով զոհվածների, սպանվածների, մահացածների շիրմաքարերի անտառներին նայեք: Այդքանից հետո ՔՊ-ն ու Փաշինյանը խոսելու տեղ ունե՞ն…

Եվ մի՞թե հենց այդ նույն Փաշինյանը չէր, որ 2008 թվի մարտի մեկին բղավում էր, թե՝ «հոգին փառավորվում է»: Ինչի՞ց էր Փաշինյանի «հոգին փառավորվել»: Այն բանից, որ հայ մարդիկ ելել են հայ մարդկանց դեմ ու իրար ջարդում-փշրում են:

Նման գործչից ի՞նչ ապրումակցում: Մեկից, որի հրահանգով «բերետակիր» ոստիկանները զոհվածների ծնողներին «Եռաբլուրում» գետնաքարշ էին անում, քաշքշում, «հավաքում», միայն այն բանի համար, որ Փաշինյանը հետո գա ու իր իսկ մեղքով զոհվածներից մեկնումեկի շիրիմի առաջ դերասանական խոնարհումներ անի: Փիարվի, էլի:

Ու երբ հանգամանորեն խորհում ես, գալիս ես անխուսափելի հետևության. հարցն այլևս Փաշինյանը չէ: Հարցը նրան ու նրա իշխանության մահաբերությունն է ու դա հանդուրժելը կամ չհանդուրժելը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ