19/05/2026

EU – Armenia

Ի՞նչ սկզբունքային խնդիր է փորձում այսօր լուծել Ռուսաստանը Հայաստանում

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գնահատել է ռուս-ուկրաինական պատերազմը և եզրակացրել, որ ռազմական հակամարտությունների «բնույթը էականորեն փոխվել է, հիմա քանակով չեն կռվում»։

Նա հավաստիացրել է, որ Հայաստանը կարող է ունենալ «ասիմետրիկ միջոցներով մարտունակ բանակ, որ կարող է զսպել Ադրբեջանին»։

Մի կողմ թողնենք այն, որ Ադրբեջանը 2008թ․ ռուս-վրացական պատերազմից հետո է հասկացել, որ քսանմեկերորդ դարում «քանակով չեն կռվում» և սկսել է սպառազինվել ԱԹՍ-երով, հեռահար հրետանային և հրթիռային միջոցներով, իսկ այսօր արդեն հավակնում է սպառազինությունների համաշխարհային շուկայում ունենալ իր տեղը։

Ռուս-ուկրաինական պատերազմը բացահայտել է, որ Ռուսաստանը կռվում է քանակով, Ուկրաինան՝ տեխնոլոգիաներով կամ, ինչպես Քոչարյանն է ձևակերպել՝ «ասիմետրիկ միջոցներով»։ Որտեղի՞ց է Ուկրաինան ստացել այդ տեխնոլոգիաները և միջոցները։ Իհարկե՝ ԱՄՆ-ից, ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներից։

Այս իրողությունից ելնելով՝ ո՞ւմ հետ պիտի Հայաստանը ռազմավարական համագործակցություն հաստատի, որպեսզի ունենա «ասիմետրիկ միջոցներով» սպառազինված մարտունակ բանակ, որ կզսպի Ադրբեջանին։

Հարցին պրագմատիկ պատասխան գտնելու համար պետք է ելնել նրանից, որ Ադրբեջանը զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու խնդիր է լուծում՝ ունենալով Թուրքիայի ուղղակի աջակցությունը և պահպանելով Իսրայելի հետ ռազմատեխնոլոգիական համագործակցությունը։

Անկեղծ և անաչառ գտնվելու դեպքում Հայաստանի երկրորդ նախագահը պետք է խոստովաներ, որ քառասունչորսօրյա պատերազմը բացահայտել է հայկական Զինված ուժերի և ռազմավարական պլանավորման այսպես ասած՝ «արխայիկ» բնույթը, և մարդկային մեծ կորուստների հիմնական պատճառը դա է, երբ իսրայելական կամ թուրքական կամիկաձե դրոնը մի հարվածով տասնյակ զինվորների մահ է պատճառել։

Ի՞նչ սկզբունքային խնդիր է փորձում այսօր լուծել Ռուսաստանը։ Ենթադրություններ անելու կարիք չկա։ Այդ երկրի ԱԽ նախագահի տեղակալը սահմանել է․ «Պետք է Եվրոպային անասնական վախ ներշնչել»,- իսկ «ինչպե՞ս» հարցի պատասխանը տվել է նախագահ Պուտինը՝ շեշտադրելով, որ «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը աշխարհում անալոգը չունի։

Հայաստանը «պետք է միանա Եվրոպային անասնական վախ ներշնչելու Ռուսաստանի պատմական առաքելությա՞նը»։