Ֆեյսբուքի հայ օգտատերը համարում է, որ խորհրդարանական ընտրությունները «քաղաքական» չեն մեջբերում է Ավետիք Իսահակյանին, որ «Հայաստանում երկու սերունդ է աճում, մեկը՝ կոսմոպոլիտ, մյուսը՝ հայրենասեր», և նրանք «մի օր իրար փոր պիտի թափեն» և եզրահանգում, որ իսահակյանական «կանխատեսման ժամանակն» է, մենք «մարդկային տեսակների ընտրություն ենք կատարում»։
Ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ հանգամանքներում է Իսահակյանը «մարգարեացել»՝ այս հարցերը «սոցիալական դարվինիզմի պատգամախոսին» դույզն իսկ չեն հուզում։ Ոչ էլ, երևի, հիշում է, որ Հայաստանի «կոսմոպոլիտ» և «հայրենասեր» սերունդները վերջին հարյուրամյակում երկու անգամ՝ 1920թ․ մայիսյան և 1921-ի փետրվարյան «ապստամբություններով իրար փոր բավական հաջող և առանձնակի դաժանությամբ թափել» են, և դրանից Հայաստանը տարածքային ու մարդկային ահռելի կորուստներ է ունեցել։
Ուշադիր մարդիկ կհիշեն, որ քառասունչորսօրյա պատերազմից հետո մի տևական ժամանակ տարվում էր «երկու՝ լեռնական-ապստամբ և դաշտային՝ հարմարվողական» Հայաստանի քարոզչություն։
Դա «Հայաստանի փրկության շարժման» հանրահավաքների ժամանակն էր և ներշնչվում էր, որ «Սյունիքը չի ճանաչում պարտությունը»։ Շարժումը հանրային աջակցություն չստացավ, Սյունիքի գլխին կախված սպառնալիքը առնվազն առկախվեց։
Ըստ երևույթին, «դասակարգումը» մնում է ակտուալ, պարզապես «ռեգիոնալությունից» փոխակերպվել է «սոցիալ-հանրայինինի»։ Այսինքն, ով իրականությունը ընդունում է և կողմ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին, նա դասվում է Իսահակյանի ասած «կոսմոպոլիտների» շարքին, իսկ ով մերժում է, «հայրենասեր» է։ Այս տրամաբանությամբ՝ գնում ենք ոչ թե խորհրդարանական ընտրությունների, այլ՝ «իրար փոր թափելու ճակատամարտի»։
Սոցիալական մեդիայում օրվա մեջ հարյուրավոր էկզոտիկ և էպատաժային գրառումներ են հանդիպում, կարդում-անցնում ենք։ Բայց այս մեկը զգաստացնող է, որովհետև մի քանի օր առաջ «Հայաստան» դաշինքի քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը Գառնիում ասել է, որ մի անգամ այդ տարածաշրջանի ապստամբությունը «ազատագրել է Հայաստանը» և անվանապես հիշել գառնեցի Մարտիրոսին։
1921թ․ «փետրվարյան ապստամբությունը» Երեւանում տապալել է Հայհեղկոմի իշխանությունը, բոլշևիկները զրահանգնացքով նահանջել են Արտաշատ, ապա վերախմբավորել ուժերը, նոր համալրում ստացել և երկրորդ անգամ խորհրդայնացրել Հայաստանը։
Փաստորեն Հայաստանը «ազատագրվել» է, բայց և վերստին «օկուպացվել»՝ ավելի ծանր պայմաններով, մինչ Երևանում «Փրկության կոմիտեն» Մուստաֆա Քեմալից ռազմական օգնություն էր խնդրում, Մոսկվայում քեմալականները և բոլշևիկները վճռեցին Հայաստանի տարածքների հարցը։
Այսօրվա գերխնդիրը Հայաստան-Ադրբեջան սահմանազատում-սահմանանշումն է։ Եթե Երևանում «հայրենասերները թափեն կոսմոպոլիտների փորը» կամ ի հայտ գա մեր ժամանակների «գառնեցի Մարտիրոսը և ազատագրի Հայաստանը», Ադրբեջանը Հայաստանի սահմանների հարցը կկարգավորի Ռուսաստանի հետ։
Հունիսի 7-ին պետք է քաղաքական ընտրություն կատարվի ու հեռացվի այսօրվա անհավասարակշիռ իշխանությանը։

Բաց մի թողեք
Վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Չալաբյանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
Ի՞նչ սկզբունքային խնդիր է փորձում այսօր լուծել Ռուսաստանը Հայաստանում
Ա՛յ մարդ, ո՛չ Ռոբն ա, ո՛չ Սերժն ա, չեք տեսնում՝ կին ա․ Տեսանյութ