Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2023թ․ հոկտեմբերի 19-ին Արթուր Մելիքյանին նշանակել է Այգեձորի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող, նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով։
«Հրապարակ» թերթը գրում է․ Իսկ մայիսի 14-ին Բերդ համայնքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա լինելու համար Մելիքյանին ազատել են պաշտոնից։
Մելիքյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ «Ուժեղ Հայաստանի» հավաքին ներկա լինելու համար են իրեն պաշտոնից ազատել, ասաց` ճիշտ չէ, ինքն ավելի շուտ է աշխատանքից ազատվել: Ե՞րբ։ «Վաղուց»։ Խնդրեցինք օրը նշել, ասաց` «չեմ հիշում»։
Նրա խոսելու տոնից կարելի էր ենթադրել, որ վախեցած է, կաշկանդված։ Զանգահարեցինք Այգեձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկ Ծաղկյանին, հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է աշխատանքից ազատվել Արթուր Մելիքյանը։ Պատասխանեց՝ մայիսի 14-ին, եւ հավելեց, որ վարչատնտեսական մասի համակարգողին մարզպետն է նշանակում եւ ազատում, ինքը չգիտի, թե ինչու են պաշտոնից ազատել։ Նախընտրական քարոզչությանը մասնակցելու համար Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 8-ից արձակուրդ է վերցրել, նրան փոխարինում է մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը:
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակվում են մարզպետի եւ նրան փոխարինողի որոշումները։ Մարզպետարանի կայքում մարզպետին փոխարինող, մարզպետի տեղակալ Ն․ Ղուշչյանի միակ եւ վերջին որոշումը հրապարակված է մայիսի 11-ի ամսաթվով, կայքում Ա․ Մելիքյանին աշխատանքից ազատելու որոշում չկա։
Մինչդեռ պաշտոնական որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց հրապարակման պահից։

Բաց մի թողեք
Վեհափառի մասին տարիներ շարունակ տարածվող միֆերը որեւէ աղերս չունեն իրականության հետ
Հազար սնարյադ է պայթել աչքիս առաջ, ի՞նչ անեմ, որ չեմ զոհվել․ Լուսանկար
Մեր ժամանակ էլ կային ընդդիմադիրներ, բայց դրա համար հո չէի՞նք ազատում մարդուն․ Լուսանկար