22/05/2026

EU – Armenia

Ովքե՞ր են, որ «բավարար ջանքեր չեն գործադրել»` պատասխանատուների՞, թե՞ պետության հաջորդ ղեկավարների մասին է

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ որոշումը ինձ չի վերաբերում, այլ նրանց, որ մահվան դեպքերը չեն բացահայտել։ Համակիրների հետ հանդիպմանը ասել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նման տեսակետ նա ավելի հանգամանալի ներկայացրել է դեռևս անցյալ տարի։ «Եթե դուք կարդաք ՄԻԵԴ որոշումը, կտեսնեք, որ մեխը հետևյալն է՝ պետությունը բավարար ջանքեր չի գործադրել մահվան դեպքերը բացահայտելու համար։ Ես մարտի 1-ից հետո պաշտոնի եմ եղել ընդամենը մեկ ամիս, դրա համար ՄԻԵԴ-ի որոշումն ինձ ուղղված չէ, ուղղված է նրանց, ովքեր բավարար ջանքեր չեն գործադրել սպանությունները բացահայտելու համար։

Եթե գործադրեին, իրենք իրենց վրա դուրս կգային»,- այդ առթիվ հրավիրած մամուլի ասուլիսին ասել է Քոչարյանը։ ՄԻԵԴ որոշման «մեխը», ի հեճուկս Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանության, այն է, որ ցուցարարների դեմ գործադրած ոչ համաչափ գործողություններով Հայաստանի պետությունը խախտել է առնվազն յոթ զոհի կյանքի իրավունքը։

Իսկ 2008թ․ մարտի 1-ին Հայաստանի պետության գլուխը եղել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով սահմանադրությամբ նաև Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն էր, ում հրամանագրով Երևանում հայտարարվել է արտակարգ դրություն։

Ինչ վերաբերում է «ընդամենը մեկ ամիս պաշտոնի լինելու» պնդմանը, ապա նախ Ռոբերտ Քոչարյանը մարտիմեկյան դեպքերից հետո նախագահի պաշտոնում մնացել է ուղիղ քառասուն օր, Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 2008թ․ ապրիլի 9-ին, երկրորդ՝ տասը անձանց մահվան հանգամանքները պարզելու համար էական նշանակություն ուներ հենց առաջին օրերի քննչական գործողությունների անաչառությունը։

Բայց «Առավոտի» փոխանցած խոսքում ավելի կարևոր է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն դիտարկումը, որ ՄԻԵԴ-ի որոշումը «ուղղված է նրանց, ովքեր պանությունները բացահայտելու համար բավարար ջանքեր չեն գործադրել», իսկ եթե գործադրեին, ապա «իրենք իրենց վրա դուրս կգային»։

Ո՞ւմ է հասցեագրված ծանրագույն մեղադրանքը։ Քոչարյանն ինչո՞ւ է «նրանք» հոգնակի հասցեատեր ընտրել, ի՞նչ է նշանակում «եթե ջանքեր գործադրեին, իրենք իրենց վրա դուրս կգային» ասվածը։ Ովքե՞ր են, որ «բավարար ջանքեր չեն գործադրել», խոսքը իրավապահ մարմինների պատասխանատուների՞, թե՞ պետության հաջորդ ղեկավարների մասին է։