23/05/2026

EU – Armenia

Թուրքիայի ներքաղաքական պայքարը կարող է ունենալ տարածաշրջանային և անգամ աշխարհաքաղաքական հետևանքներ

Անկարայի քաղաքացիական հարցերով վերաքննիչ դատարանը մայիս 21-ին «ապօրինի» է ճանաչել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության 2023թ․ համագումարի որոշումները և նրա առաջնորդ Օզելին «ժամանակավորապես» զրկել պաշտոնից։

Այդ համագումարը հրավիրվել է նախագահական ընտրություններում ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի պարտությունից հետո։ Պատվիրակների առջեւ ելույթում կուսակցության նորընտիր առաջնորդ Օզելը հայտարարել է, որ այդուհետև «հեղինակություն կփնտրի ոչ թե նախագահական պալատում, այլ Թուրքիայի ժողովրդի մոտ»։

Հանրային կարծիքի հարցումներով ԺՀԿ վարկանիշը մոտ տասը տոկոսով բարձր է, քան ունի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։ Թուրքիայում 2028թ․-ին պետք է կայանան նախագահական և Ազգային մեծ ժողովի ընտրություններ։

Փորձագետների գնահատմամբ՝ Էրդողանը կամ «կընտրի իրավահաջորդին, կամ սահմանադրական փոփոխություններ կկատարի և երրորդ ժամկետով պաշտոնավարելու հայտ կներկայացնի»։

Ինչ որոշում էլ կայացվի, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պետք է կարողանա փոխել ուժերի հարաբերակցությունը։ Անկարայի դատարանի որոշումը թույլ է տալիս ենթադրել, որ իշխանության տրանզիտի կամ երրորդ ժամկետով պաշտոնավարելու հարցում Էրդողանին չի հաջողվել «գործարք կնքել» ԺՀԿ առաջնորդ Օզելի հետ։

Բաքվի haqqin.az-ի Անկարայի թղթակիցը, հղելով ԺՀԿ նախկին առաջնորդ Քըլըչդարօղլուի մերձավոր շրջապատի «իրազեկ աղբյուրին», հայտնել է, որ «մոտակա օրերին կորոշվի քեմալականների արտահերթ համագումարի անցկացման ժամկետը» և «Քըլըչդարօղլուն վստահ է, որ պատվիրակների մեծամասնությունը կքվեարկի իր օգտին»։

Turkiye պարբերականը փոխանցել է դատարանի որոշման առթիվ Օզելի առաջին արձագանքը։ Նա սոցիալական ցանցի գրառման միջոցով համակիրներին խոստացել է «մնալ արժանապատվության դիրքերում»։ Հնարավոր է, որ ԺՀԿ-ն հանրահավաքներ կազմակերպի Ստամբուլում և Անկարայում։

Թուրքիայի ներքաղաքական պայքարը կարող է ունենալ տարածաշրջանային և անգամ աշխարհաքաղաքական հետևանքներ։ ԺՀԿ-ն չի աջակցում «Թուրքիան առանց ահաբեկչության» նախագծին, որ քրդական հարցի լուծման նպատակ է հետապնդում։ Քեմալականները չեն աջակցում նաեւ Իսրայելի հետ մրցակցությանը։