27/05/2026

EU – Armenia

Անահիտ Ավանեսյանի «համեստ» ունեցվածքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենահավատարիմ, ամենաակտիվ ու ամենամարտական պաշտպաններից մեկը՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որը վերջին տարիներին հետևողականորեն կանգնել է կառավարության ամենասկանդալային ու հանրային դժգոհություն առաջացրած որոշումների առաջնագծում, ներկայացրել է իր տարեկան գույքի և եկամուտների հայտարարագիրը, որից էլ տեղեկանում ենք՝ Ավանեսյանն ունի 2 անշարժ գույք՝ մեկ բնակարան, և մեկ այգետնակ (ամառանոց)։

Նա հաշվետու տարվա սկզբում հայտարարագրել է FORD մակնիշի ավտոմեքենայի մասին տեղեկություն, որը պահպանվել է տարվա վերջում։

Առողջապահության նախարարի՝ տարվա սկզբում առկա բաժնային արժեթղթի արժեքը կազմել է 1 մլն դրամ, ինչը տարվա վերջում պահպանվել է։

Հաշվետու տարում Ավանեսյանն ունեցել է նաև 40 հազար դոլարի բանկային ավանդ, ինչը կրկին պահպանվել է հաշվետու տարվա վերջում։

Նախարարի բանկային հաշիվներից մեկի մնացորդը կազմել է 2,576 դոլար, ինչը տարվա վերջում նվազել է հասնելով՝ 6 դոլարի։ 67 հազար դրամը բազմապատկվել է՝ հասնելով 6 մլն 975 հազար դրամի։

14 եվրոն հաշվետու տարվա վերջում զրոյացվել է։ Նրա կանխիկ դրամը կազմել է 250 հազար դրամ, իսկ տարվա վերջում դարձել է 310 հազար դրամ։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 38 մլն 245 հազար դրամ, որից 26 մլն 362 հազար դրամը աշխատանքի վարձատվության գումարն է։

Ավանեսյանի հայտարարագրում նշվում է, որ նա մասնակցություն ունի 4 առևտրային կազմակերպություններում, դրանք են՝ «ԱԲՈՎՅԱՆ 39»-ը, որտեղ բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերի վերջին (50% բաժնեմաս), «ԻԲԱՐԻ»-ում (50% բաժնեմաս), «ՀԵԼԹԻԿԱ»-ում՝ (19%), «ՀՈԲԲԻ ՀԱՈՒՍ»-ում՝ (100%)։