Քննչական կոմիտեն հայտնել է, որ հունիսի 7-ին կատարված ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ, որից 43-ը՝ մարզային, 16-ը՝ Երեւանի քննչական ստորաբաժանումներում:
Թե որ դեպքերն են դրանք, եւ արդյո՞ք դիտորդական առաքելությունների արձանագրած խախտումները վարույթների հիմք են դարձել, հայտնի չէ: ՔԿ-ն ընդամենը հոդվածների անուններն է տալիս․ ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդված՝ ընտրական իրավունքի իրականացումը – 9 վարույթ: 214-րդ հոդված՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը – 30 քրեական վարույթ, 215-րդ հոդված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելը – 17 վարույթ, 314-րդ հոդված՝ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը – 3 վարույթ:

«Հրապարակի» հարցերին պատասխանում է «Հայաքվե» դիտորդական առաքելության անդամ Արամ Պետրոսյանը:
– Ձեզ հայտնի՞ է, թե ձեր արձանագրած խախտումներով քանի վարույթ կա նախաձեռնված:
– Ես մինչեւ լույս Շիրակի մարզում եմ եղել, չեմ կարող ասել, նոր եմ եկել գրասենյակ: Դեռ չեմ տիրապետում: Առավոտյան 5-ին եմ եկել, դե գիտեք՝ այնտեղ էլ էին ձերբակալություններ ընտրությունների ժամանակ: Տեսա՞ք, որ ԲՀԿ-ի ձայներն ընդամենը ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում ավելացան 120-ով: Այ, նման բաների վրա ուշադրություն դարձրեք: Սա, կարծում եմ, իրենք արհեստական են իջեցրել, որպեսզի այդ ուժը չանցնի, որովհետեւ նրա անցնելով ՔՊ-ն 3/5-ն է կորցնում, որն իրեն թույլ չի տալիս որոշ առանցքային պաշտոնների նշանակումներ անել՝ դատախազ, ԲԴԽ դատավոր, ՍԴ դատավոր: Այսպիսի պայմաններում, կարծում եմ, աշխարհի ոչ մի երկրում, անգամ Ռուանդայում` գենոցիդի ժամանակ այսպիսի ընտրություններ չեն անցկացվել:
– Իսկ թե, օրինակ, ձեր նկատած ակնառու դեպքերով կա՞ն վարույթներ:
– Ես կանգնած եմ եղել անձամբ, երբ որ Գյումրիում ռազմական ոստիկանությունը, ընտրատեղամասի դեմը շարված, սպաները բերում, զինվորներ էին մտցնում ներս: Ինձ հետաքրքիր է՝ ինչո՞ւ է սպան զինվորին ուղեկցում զորամասից մի քանի հարյուր մետրի վրա: Օրը ցերեկով ռազմական ոստիկանությունը կանգնած է, 200 մետր երեխեքին քայլացնում է սպան, ռազմականն էլ գլխներին կանգնում է: Ինձ կասե՞ք` դա ճնշո՞ւմ է, թե՞ ոչ: Էդ երեխան կարող է դուրս գալ զորամասից, հինգ կիլոմետր վազել սպաների հետ, բայց էդ ժամանակ իրենց չեն գալիս, չէ՞, ՌՈ-ից ուղեկցեն: Ինչո՞ւ ես եկել կանգնել ընտրատեղամասի մոտ, ռազմական ոստիկանություն ջան: Հանցագործությո՞ւն են անում երեխեքը, թե՞ սահմանադրության իրավունք են իրացնում:
– Քննչական կոմիտեի, դատախազության հաղորդագրությունները կարդալով, դուք ձեր արձանագրած խախտումները ճանաչո՞ւմ եք:
– Մենք փաստերը դնում ենք: Օրինակ, Գեղարքունիքի մարզում իրենց վստահված անձը վրա է տալիս «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչի վրա, բայց նա մինչ այս պահը ձերբակալված չէ: Բայց ես ու դու հիմա խոսում ենք, մեզ գաղտնալսում են ու իքս մարդու վրա քրեական գործ են հարուցում: Կամ՝ դուք տեսել եք Հ1-ի հրապարակած ձայնագրությունները, ամբողջ օրը գաղտնալսում են հեռարձակում, սա ազդեցություն չէ՞ ընտրությունների վրա: Երբ որ ցերեկը զգում եք, որ ՔՊ-ն կկրվի, երեկոյան Դանիել Իոաննիսյանին կանչում եք եթեր, ասում է՝ եթե գոնե մի դեպք ապացուցվի, դա ազդեցություն կունենա: Հիմա սա ունեցա՞վ, թե՞ չէ: Բա ո՞նց է, որ միայն մեկ արձանագրության մեջ 70 ձայն ԲՀԿ-ից գողացել են, ու ոչ մեկին ոչ մի բան: 3-4 տեղ զինվորներին սաղ գիշեր քվեարկել տվեցիք, դա ազդեցություն չէ՞, իսկ ինչ-որ մի մարդու խոսակցությունը մյուս մարդու հետ, որը երրորդ մարդու մասին է, դա համարում եք կաշառք ու ազդեցություն եւ ընտրության ամբողջ օրը դա եք պտտում՝ «կաշառք, կաշառք»: Սա գաղտնալսման երկի՞ր է: Ի՞նչ եք ուզում մարդկանցից: Ադրբեջանցիները գալիս, Ամասիայում վիդեո են անում, գնում են, ԱԱԾ-ն դա չի տեսնում, բայց հարյուրավոր մարդկանց ձայնագրում է, ո՞վ է թույլ տվել: Կա՞ն դատարանի սանկցիաներ: Ես իմ ամբողջ կյանքում էս կարգի խայտառակ ընտրություն չեմ տեսել: Մի ուժից 700 հոգի ձերբակալում եք տարբեր պատճառներով, կալանավորում եք: Հերիք եղավ: Ո՞վ է տեսել, որ երկրի ղեկավարը ձայների 10 տոկոսի ամփոփման դեպքում հայտարարի, որ ինքն է ընտրվել: Սա ճնշում է ԿԸՀ-ի վրա: Հիմա նա կարո՞ղ է հակառակ արդյունքը հայտարարել` իհարկե, ոչ: Դա սահմանադրական կարգի տապալում էր: Նա Տիգրան Արզաքանցյանը չէ, նա երկրի վարչապետն է, որն ուղիղ ազդեցություն է գործել ԿԸՀ-ի վրա, ու դրա համար ԿԸՀ-ն չգիտի, թե ինչ պարզաբանում տա:
– Ձեր արձանագրումներն ամփոփե՞լ եք արդեն:
– Դեռ ոչ, կամփոփենք, հայտարարությամբ հանդես կգանք:

Բաց մի թողեք
Հետընտրական խոհեր
Փաշինյանի աջակիցները հարձակվում են, ծեծում-ջարդում, մնում անպատիժ․ Լուսանկար
Մանդատ ստացող ընդդիմադիրներն էլ անընդհատ հարվածի ու ճնշման տակ են լինելու. Սոֆյա Հովսեփյան