10/06/2026

EU – Armenia

Երեւանն այժմ ոչ մի ելք չունի. նոր պահանջներ Բաքվից

Ողջ նախընտրական փուլում ադրբեջանական մասմեդիան անթաքույց կերպով համակրանք եւ աջակցություն էր դրսեւորում Փաշինյանի եւ նրա թիմի նկատմամբ՝ հույս փայփայելով, որ նա կվերարտադրվի։

Արդյունքների հրապարակումից հետո հարեւան երկրի քարոզչակայքերը ողողված են Փաշինյանի «հաջողությունների» մասին ցնծագին հրապարակումներով։ Նրա հաղթանակը կապել են իրենց երկրի բռնապետի անձնական գործոնի հետ՝ հավաստելով, որ Փաշինյան-Ալիեւ «խաղաղասեր» տանդեմը տարածաշրջանում «անշրջելի» գործընթացներ է գեներացրել։ «Հայաստանում խորհրդարանական ընտրությունները ոչ միայն երկրի ներքին հարց էին, այլեւ տարածաշրջանային փոփոխությունների կարեւոր ցուցիչ։

Դրանց արդյունքները կարելի է իրավացիորեն անվանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմավարական հաղթանակ։ Քարոզարշավի հիմնական գործոնն Ադրբեջանի առաջնորդի անհատականությունն էր, նրա հետեւողական տարածաշրջանային քաղաքականությունը եւ դրան առնչվող խաղաղության օրակարգը Հայաստանի հետ հարաբերություններում»,- գրում է առաջատար Մինվալ. ազ-ը։

«Եթե Բաքվի կողմից տարածքային ամբողջականությունը վերականգնելու վճռական ռազմական, քաղաքական եւ դիվանագիտական քայլեր չլինեին, քիչ հավանական է, որ հայկական քաղաքական վերնախավն առաջնահերթություն տար խաղաղության եւ սահմանների ճանաչման սկզբունքին»,- գրում է հոդվածագիրը։

Ըստ հրապարակման, «հենց Ադրբեջանի հաջող քաղաքականությունն էր, որը ցույց տվեց նոր իրողությունների անշրջելիությունը, որը, վերջին հաշվով, որոշեց ընտրությունների արդյունքը։ Հայ ժողովուրդը ճիշտ եզրակացություններ է անում վերջին տարիների իրադարձություններից եւ գիտակցում Ադրբեջանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի հիման վրա կարգավորելու անխուսափելիությունը»։ «Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը զգալի գործնական աջակցություն ստացավ նախագահ Իլհամ Ալիեւի քաղաքականության շնորհիվ: Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո ստեղծվեցին սահմանին կայունություն ապահովելու իրական պայմաններ:

Ադրբեջանն առաջարկեց վերացնել Հայաստանի համար տրանսպորտային սահմանափակումները, ստեղծել տարանցիկ միջանցքներ՝ երրորդ երկրներից բեռների համար, զարգացնել առեւտրային հարաբերությունները՝ առանց քաղաքական պայմանների, խթանել հարեւանի էներգետիկ անվտանգությունը, ակտիվացնել քաղաքացիական հասարակությունների միջեւ շփումները, փոխադարձ այցելությունները եւ զգալիորեն նվազեցնել ագրեսիվ հռետորաբանության մակարդակը: Այս քայլերը ցույց տվեցին Բաքվի պատրաստակամությունը՝ կառուցողական ներգրավվածության, եթե Երեւանը հրաժարվի իր ռեւանշիստական պատրանքներից»։

Անդրադառնալով Բաքվի՝ ՀՀ-ում կայացած ընտրություններին հաջորդող ակնկալիքներին, ադրբեջանական իշխանամերձ ռեսուրսը գրում է․ «Այժմ, երբ ընտրություններն ավարտվեցին, եկել է կոնկրետ գործողությունների ժամանակը: Ադրբեջանը հստակ ձեւակերպում է իր ակնկալիքները՝ Հայաստանում նոր քաղաքական ցիկլի վերաբերյալ: Նախ, հայկական տարածքում գտնվող բոլոր կառույցները, մնացորդները եւ տարրերը, որոնք կապված են Ղարաբաղի անջատողականության հետ, պետք է լիովին վերացվեն: Սա վերաբերում է ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական հաստատություններին, որոնք շարունակում են աջակցել ռեւանշիստական օրակարգին։ Երկրորդ․ Հայաստանը պարտավոր է ապահովել, այսպես կոչված, «ղարաբաղյան ներկայացուցչությունների» եւ այլ անջատողական կառույցների փակումը Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում: Նման կազմակերպություններին աջակցելն անհամատեղելի է նրա հայտարարած խաղաղության քաղաքականության հետ: Երրորդ․ անհրաժեշտ է հնարավորինս շուտ անցկացնել հանրաքվե եւ ընդունել ՀՀ նոր Սահմանադրություն, որը պաշտոնապես կհրաժարվի Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներից։ Սա կլինի կարեւոր իրավական քայլ, որը կլուծի հիմնարար հակասությունները։ Ամբողջ գործընթացի տրամաբանական ավարտը պետք է լինի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Նման փաստաթուղթը կամրագրի նոր իրողությունները, կապահովի տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն եւ կհարթի տնտեսական համագործակցության եւ տարածաշրջանային զարգացման ճանապարհը»։

«Հայաստանում անցկացված ընտրությունները վերջնականապես հաստատեցին, որ ռեւանշիստական առասպելների եւ պատրանքների դարաշրջանը անդառնալիորեն անցյալի մասունք է։ Իլհամ Ալիեւի հաստատուն եւ վստահ ղեկավարության ներքո Ադրբեջանն անզիջում կերպով թելադրում է տարածաշրջանային օրակարգ՝ հենվելով օրենքի ուժի, այլ ոչ թե ուժի իրավունքի վրա»։

«Երեւանն այժմ ոչ մի ելք չունի։ Ղարաբաղյան օրակարգի մնացորդների ձգձգման, դիվերսիայի կամ պահպանման ցանկացած փորձ կդիտարկվի որպես ուղղակի մարտահրավեր եւ կստանա համապատասխան արձագանք։ Ոչ միայն երկկողմ հարաբերությունների ապագան, այլեւ Հարավային Կովկասի կայունությունը կախված է Հայաստանի իրական, ոչ թե պարզապես հռչակագրային, իր պարտավորությունները կատարելու պատրաստակամությունից»,- եզրափակում է բռնապետական ռեժիմի խոսափողը։

Մինվալ-ի այս հրապարակումն ադրբեջանական ռեժիմի տրամադրության ու ակնկալիքների մի մասն է միայն, բայց, ցավոք, այն նաեւ հայկական իշխանական վերնախավի հանցավոր գործունեության համատեքստում է, ըստ որի՝ պետք է «վարժվել ալիեւյան օրակարգին, ադրբեջանցիների հետ առեւտուր ու հարեւանություն անելուն» եւ, որ ամենավտանգավորն է՝ նրանց հետ «ապրելուն»։ Իսկ դրա համար «կանաչ լույս է» վառել հանրության այն հատվածը, որը մինչեւ վերջ կամ այդպես էլ չգիտակցեց ՔՊ-ի աղետաբեր վերարտադրության իրական սպառնալիքը։