Հայոց պատմությամբ չափես, թե անվանափոխված Հայաստանի՝ երեկ հայտարարված պաշտոնական «թվերը»՝ ե՛ւ իրենց արտացոլած բովանդակությամբ, ե՛ւ խորքային ընթացակարգով, առաջարկում են պաշտոնավարման բերել բոլոր ժամանակների մեր ամենահակալեգիտիմ իշխանին ու արքունիքը։
Օրինակարգության բաց ու բացակայություն ունեցել ենք միշտ՝ արդի շրջանում 1995 թվականից այս կողմ։ Պատասխանատվություն ստանձնելու քաջություն ունեցել են կամ՝ ոչ, հարափոփոխ իշխանություններն անիրավ և անօրեն ընտրությունների խարանը կախել են մեր երկրի ու ժողովրդի վրա՝ կամա թե ակամա ապահովելով հետագա տեղապտույտների և կորուստների ենթահողը։
Սակայն հին լինի, թե նոր, թագավորություն կամ հանրապետություն, ոչ մեկն այսպիսի պիղծ-երեսպաշտ ընթացքով ու էությամբ չի նվաճել “illegitimate” (ոչ լեգիտիմ) իշխանության թագը, որքան՝ զազրախոս խունտայի վերածվող մեր երբեմնի ընդդիմադիր «դեմոկրատները»։
Վիճակը նետված է, մեր ինքնությունը՝ զգետնված, բայց «անձև քաոս»-ից արժանապատվության մի կաթիլ հույս քամելու համազգային հնարավորությունը տակավին մեր ձեռքերում է։
Ինչ էլ որոշեն ընտրական այսօրվա առաջատարները՝ մանդատ վերցնել, թե մերժել, մեկ է՝ հրամայական է դարձել՝ թեկուզ ուշացած, մեջտեղ բերել իշխանության համապետական, համապարփակ և իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ։
Նեղլիկ, ինքնագոհ, հատվածապաշտ ու կուռքային լուծումներն անպտուղ են, անկենդան:
Մեզ տրված է շնորհ ու ճանապարհ՝ Աստծուց և ՀՀ քաղաքացուց. շտկել մեր մեջքը, ռազմավարական, գաղափարական, կազմակերպչական ու քարոզչական մեր բոլոր սխալները և մեկընդմիշտ դուրս գալ պատմական ու այժմեական մեղքերի անդառնալի այս հորձանուտից։
Հինգ տարի չենք ձգելու։
Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան

Բաց մի թողեք
Առոչինչ դարձնել 60 000 ձայնը՝ դեմ է ժողովրդավար պետության սկզբունքներին
«Կարծես Շուշին ազատագրել է, զորքերը հետ են քաշվել Հայաստանի սուվերեն տարածքներից». Լուսանկար
«Իր լեգիտիմության վրա վստահ իշխանությունը 3 տեղամասում վերաքվեարկությունից սենց չէր վախենա»