Ցավոք, երբեմն պարզվում է, որ ամենադժվար արթնացվողը ոչ թե Չայկովսկու հերոսուհին է՝ «Քնած գեղեցկուհին» բալետային ներկայացման մեջ, այլ որոշ մարդկանց մասնագիտական էթիկան։
Տխուր է, երբ մշակույթի տաճարի գլխավոր ադմինիստրատորը հանդիսատեսի հետ շփվելիս ընտրում է ոչ թե հարգանքի ու նրբանկատության լեզուն, երբ տարրական ներկայանում ես ու խնդրում փոխադարձ ներկայանալ, այլ կոպտության, գռեհկության և սեփական կարևորությունն ընդգծելու անհագ ցանկության ճանապարհը, ինչպես իրեն այսօր դրսևորեց Ալ․ Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Նելլի Դավթյանը։ Տպավորություն է ստեղծվում, թե բալետի գլխավոր հերոսը ոչ թե Արքայազնն էր, այլ պաշտոնական աթոռը։
Մշակույթը չափվում է ոչ միայն բեմի փայլով, այլև կուլիսներում աշխատող մարդկանց կեցվածքով։ Իսկ երբ այդ կեցվածքը վերածվում է մեծամտության, հանդիսատեսը ստիպված է մտածել՝ գուցե որոշ մարդիկ այնքան երկար են աշխատել արվեստի կողքին, որ սկսել են շփոթել արվեստը սեփական անձի հետ։
Կոպտությունը, գռեհկությունը և սեփական կարևորությունը ցուցադրելու մոլուցքը ոչ մի կապ չունեն մշակույթի հետ։ Զարմանալի է, թե ինչպես կարելի է ամեն օր աշխատել արվեստի կողքին և այդպես էլ չսովորել նրա ամենակարևոր դասը՝ հարգել մարդուն։ Թատրոնը սկսվում է կախիչից, ասում էին դասականները։ Այսօր, ցավոք, այն ավարտվում էր ադմինիստրացիայի մոտ։
«Քնած գեղեցկուհին» թերևս ավարտվեց բուռն ծափահարություններով։ Կցանկանայի, որ նույնքան բարձր գնահատականի արժանանար նաև թատրոնի վարչական մշակույթը։ Սակայն այսօր այն, կարծես, դեռ խոր քնի մեջ է։


Բաց մի թողեք
Լեհաստանի նախագահը Զելենսկիին զրկեց բարձրագույն պարգևից Երկրորդ համաշխարհային պատերազմի ստորաբաժանման շուրջ վեճի պատճառով
Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում․ Լուսանկարներ
ԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները