04/11/2026

EU – Armenia

Ֆոն դեր Լայեն․ Հորմուզի նեղուցի փակումը Եվրոպային արժեցել է 127 միլիարդ եվրո

Եվրահանձնաժողովի նախագահի այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ երկուշաբթի գիշերը ԱՄՆ-ը հարվածներ հասցրեց Իրանին պատկանող Քեշմ կղզուն

Հորմուզի նեղուցի փակումը Եվրոպային արժեցել է 127 միլիարդ եվրո՝ հանածո վառելիքի գների աճի պատճառով, երեքշաբթի օրը հայտարարեց Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ տարածաշրջանում հակամարտության նոր սրման վերաբերյալ մտավախությունների ֆոնին։

Բրյուսելում կայացած միջոցառման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահը նշեց, որ Իրանի հետ պատերազմի սկսվելու հետևանքով նավթի և գազի գների կտրուկ աճն ընդգծում է հանածո վառելիքից ԵՄ-ի կախվածությունը նվազեցնելու կարևորությունը։

Մինչ փետրվարի վերջին Իրանի վրա ամերիկա-իսրայելական հարձակումը, աշխարհում ծովային ճանապարհով փոխադրվող նավթի և հեղուկ բնական գազի մոտ մեկ հինգերորդ մասն անցնում էր այդ նեղուցով։ Հարձակումը հանգեցրեց նրան, որ Թեհրանը փաստացի փակեց այդ ռազմավարական ջրուղին և հարձակումներ սկսեց հարևան երկրների էներգետիկ ենթակառուցվածքների վրա։

«Հորմուզի նեղուցի փակումից ի վեր՝ Եվրոպայի կողմից ներկրվող հանածո վառելիքը լրացուցիչ 127 միլիարդ եվրո է արժեցել՝ առանց էներգիայի գեթ մեկ լրացուցիչ միավոր ստանալու, — ասաց Ֆոն դեր Լայենը։ — 127 միլիարդ եվրո՝ միայն Հորմուզի նեղուցի փակման պատճառով։ Ուստի, երբ մենք նավթ և գազ ենք ներկրում, մենք նաև ռիսկի ենք դիմում՝ ներկրելու այն ցնցումներն ու ճգնաժամը, որոնք ուղեկցում են դրանց»։

Նրա այս խոսքերը հնչել են այն բանից հետո, երբ երկուշաբթի գիշերը ԱՄՆ-ը հարվածներ հասցրեց Իրանի Քեշմ կղզուն, որը գտնվում է նեղուցում։ Վաշինգտոնը դա որակեց որպես «պաշտպանական միջոցառում»՝ տարածաշրջանում ամերիկյան ռազմական ակտիվները պաշտպանելու նպատակով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնացել են վերսկսել հարվածները Իրանին՝ երեքշաբթի օրը ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո։

Այնուամենայնիվ, երեկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երեկ նույնպես փորձեց նվազեցնել լարվածությունը՝ լրագրողներին հայտնելով, որ ինքն ու Թրամփը «երկուսն էլ շատ լավատեսորեն են տրամադրված բանակցային կարգավորման հնարավորության հարցում»։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերջերս կրկնեց ֆոն դեր Լայենի նախազգուշացումն այն մասին, թե ինչ ազդեցություն է ունենում պատերազմը Եվրոպայի տնտեսության վրա։

«Եվրոպայում ձեռնարկություններն ու սպառողները ավելի քան 100 միլիարդ եվրոյի լրացուցիչ ծախս են կրել, քանի որ այս հակամարտության հետևանքով էներգակիրները թանկացել են, — անցած շաբաթ լրագրողներին ասել է նա։ — Ուստի, մենք նաև տնտեսական շահագրգռվածություն ունենք, որպեսզի այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի»։

Երեքշաբթի օրը՝ կեսօրին (Կենտրոնական եվրոպական ժամանակով), նավթի համաշխարհային չափանիշ հանդիսացող Brent տեսակի նավթը վաճառվում էր մեկ բարելի դիմաց մոտ 106 դոլարով, ինչը նշանակում է, որ օրվա ընթացքում գինն աճել է մոտ 1%-ով։