Նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը ընդարձակ հարցազրույց է տվել և խոսել «Ադրբեջանի հետ հարաբերությունները ամբողջ ծավալով վերականգնելու անհրաժեշտության» մասին։
Ըստ տեղեկությունների, Մոսկվայում սպասում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այցին։ Գալուզինը հայտարարել է, որ ադրբեջանական մարդատար ինքնաթիռի կործանման պատճառով ստեղծված «բարդ իրավիճակը միասնական ջանքերով հաղթահարվել» է։
Ըստ այդմ, նա հույս է հայտնել, որ Բաքվում «Ռուսական տան» գործունեության «վերականգնումը կհամապատասխաներ երկու կողմերի շահերին»։ Այդ հաստատությունը Բաքվում փակվել է «իրավաբանական գրանցման բացակայության» պաշտոնական պատճառաբանությամբ, բայց ադրբեջանական մամուլը «բացահայտել» է, որ նրա աշխատակիցները «ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գործակալներ» են։
Նույն պատճառաբանությամբ փակվել է նաև «Սպուտինիկ Ազերբայջան»-ը, որի տնօրեն Կարտավիխը և գլխավոր խմբագիր Բելոուսովը կալանավորվել են, ապա ազատ արձակվել։
Բաքվի իշխանական minval politika-ն Ադրբեջանում «Ռուսական տան» գործունեությունը վերականգնելու մասին Գալուզինի տեսակետը «անհիմն լավատեսություն» է գնահատել։ Պատճառաբանությունը զուտ «ադրբեջանական» է․ օրերս Ռուսաստանի պետական հեռուստատեսության առաջին ալիքը տեսանյութ է տարածել, որի մասնակիցներից երեքը ներկայացել են որպես «ԱրԲատ» գումարտակի մարտիկներ։
Նրանց համազգեստին ադրբեջանական կողմը «Ղարաբաղի անջաատողականների խորհրդանշաններ» են նկատել։ Minval politika-ն դա համարել է Ռուսաստանի պետական հեռուստատեսության կողմից «անհարգալի վերաբերմունք Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ», ինչի պատճառով նրա «հոյւսիսային հարևանը Բաքվում «Ռուսական տան» գործունեությունը վերականգնելու մասին կարող է մոռանալ»։
Գալուզինի հարցազրույցի հեռարձակման օրը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան աշխատում է «Ադրբեջանում դատապարտված Ռուսաստանի տասնմեկ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»։ Նրանք երեք և չորս տարվա ազատազրկման են դատապարտվել «թմրանյութերի ապօրինի շրջանառության և կիբերխարդախության» մեղադրանքով։
ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է շատ ավելի կարևոր՝ TRIPP նախագծի հետ կապված հարցին։ Տպավորություն է, որ Մոսկվան փորձել է Ադրբեջանից «աջակցություն ստանալ»։ Պաշտոնական Բաքուն, երևում է, մտադիր չէ «ուրիշի գործերին խառնվել» և այդ խնդրի շուրջ Մոսկվայի «մտահոգությունների» պատասխանը հասցեագրում է բացառապես Հայաստանին։
Ավելի քան երկու ամիս առաջ Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները միաժամանակյա հայտարարություն են տարածել և հավաստել, որ երկկողմ հարաբերությունները «վերադառնում են ռազմավարական գործընկերության մակարդակի»։
Անցած ժամանակահատվածում Ռուսաստանը և Ադրբեջանը փոխվարչապետների Օվերչուկի և Մուստաֆաևի համանախագահությամբ Ջեբրայիլում տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ են անցկացրել։
Ըստ երևույթին, Ջեյհուն Բայրամովի Մոսկվա այցի հետ կապված «խնդիրներ են առաջացել»։ Կամ այդ այցը կողմերի համար այնքան կարևոր է, որ Մոսկվան և Բաքուն «տեղեկատվական պատերազմ են սկսել», որպեսզի ռուս-ադրբեջանական հարաբերությունների «ենթատեքստերից» ուշադրություն շեղեն։

Բաց մի թողեք
Ովքեր «կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
ՍԴ-ն իրավասո՞ւ է ընտրություններին արտաքին միջամտության դեմ
Էրդողանի առաջին արձագանքը Հայոց ցեղասպանության ճանաչմանը