Հյուսիսային Եվրոպայի երկրների և Ուկրաինայի ռազմա-ծովային դաշինքը էականորեն բարդացնում է Արկատիկայում, Ատլանտիկայում, Հյուսիսային, Բալթիկ և Սև ծովերի իրավիճակը։
Այդ մասին, ինչպես հայտնել են ռուսաստանյան լրատվամիջոցները, ՌԴ Ռազմածովային նավատորմի զարգացման Կոլեգիայի խորհրդի նիստում ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը։ Նա, ընդսմին, առաջարկել է այդ «դաշինքը» ներառնել ՌԴ «ռազմական վտանգների և սպառնալիքների ցանկում»։
Հունիսի 30-ին Ուկրաինան պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ի Միջազգային ծովագնացության կազմակերպությանը, որպեսզի վերջինս Ռուսաստանի «ստվերային նավատորմի լցանավերը ճանաչի օրինական ռազմական թիրախ»։ Իր մոտեցումը Ուկրաինան հիմնավորել է նրանով, որ Ռուսաստանի «ստվերային նավատորմը ֆինանսավորում է Ուկրաինայի դեմ պատերազմը»։
Արդյոք Ուկրաինան Միջազգային ծովագնացությունից դրական պատասխան կստանա՞, դժվար է կանխատեսել։ Մինչ այդ հայտնի է դարձել, որ բրիտանական ամենահեղինակավոր վերլուծական կենտրոնը՝ The International Institute for Strategic Studies-ը զեկույց է հրապարակել, ըստ որի Ռուսաստանը «ստվերային նավատորմը օգտագործում է եվրոպական երկրների ռազմական ենթակառուցվածքները, մասնավորապես՝ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգը դիտարկելու և հետախուզական տվյալներ ձեռք բերելու համար»։ Ըստ բրիտանացի վերլուծաբանների, «հետախուզություն իրականացնում են ցածրաթռիչք դրոնները»։
Ռուսաստանի նախագահի օգնական Պատրուշևը, հավանաբար, հիմք է ընդունել այդ և այլ զեկույցներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների մամուլի հրապարակումները։
«Նեզավիսիմայա գազետա»-ի հեղինակը համոզված է, որ Անկարայում եկող շաբաթ գումարվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում հիմնական հարցերից մեկը «Ռուսաստանի դեմ նոր հակաքայլերի մշակումն է լինելու»։
Այս առումով բավական ուշագրավ է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ընդառաջ ԱՄՆ-ի հետախուզությունը Լեհաստանին զգուշացրել է «Ռուսաստանի կողմից սադրիչ գործողությունների վտանգի» մասին։ Կարելի՞ է համարել, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «վերանայել է Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումը»։
Մի քանի օրից հնարավոր կլինի այդ մասին ենթադրություն անել։

Բաց մի թողեք
Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Լուսանկար
Ծովային ծառայություններ ռուսական նավթատարների համար
Լատվիան դառնում է Լուկաշենկոյի վերջին ճնշման կետը ԵՄ-ի համար