04/07/2026

EU – Armenia

Ինչ է ակնարկել Իրանի նախագահը Փաշինյանին. Լուսանկար

Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների ամրապնդումը երկու կողմերի շահերից է բխում, և դրանք պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից։ Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Տեղեկությունը հայտնում է իրանական «Mehr» գործակալությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։ Իրան կատարած այցի շրջանակում նա հանդիպել է նաև Մասուդ Փեզեշքիանին։

Ինչ է ակնարկել Իրանի նախագահը Փաշինյանին

«Փեզեշքիանը ՀՀ կառավարությանը և ժողովրդին շնորհակալություն է հայտնել Իրանի առաջնորդի և վերջին հակամարտության մյուս զոհերի սպանությունից հետո հայտնած ցավակցությունների և ցուցաբերված աջակցության համար։ Նա ասել է, որ նման հայտարարությունները արտացոլում են երկու հարևան պետությունների միջև խոր պատմական կապերն ու բարեկամական հարաբերությունները»,– տեղեկացնում է «Mehr»–ը։

Գործակալության փոխանցմամբ` Իրանի նախագահը Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները բնութագրել է որպես փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և ընդհանուր շահերի վրա հիմնված՝ նշելով, որ երկրները մշտապես ընդլայնում են կառուցողական համագործակցությունը տարբեր ոլորտներում։

Փեզեշքիանը նաև հույս է հայտնել, որ երկկողմ համապարփակ համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցություններն արագ կավարտվեն։ Իրանի նախագահի խոսքով՝ այս փաստաթուղթը կարող է նոր հնարավորություններ բացել փոխգործակցության համար և միաժամանակ ամրապնդել համագործակցությունը մաքսային, տրանսպորտի, տարանցման, առևտրի և տնտեսական կապերի ոլորտներում։

«Իրանի նախագահը շեշտել է, որ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից և որոշվեն բացառապես երկու երկրների անկախ կամքով։ Նա նաև նշել է, որ տարածաշրջանայինից դուրս ուժերի առկայությունը հաճախ բարդացնում է տարածաշրջանային խնդիրները, այլ ոչ թե նպաստում դրանց լուծմանը»,– լրատվամիջոցի փոխանցմամբ` ասել է Փեզեշքիանը։

Վերահաստատելով Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքները՝ Փեզեշքիանը շեշտել է բոլոր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և ընդգծել Թեհրանի հանձնառությունը վեճերի դիվանագիտական կարգավորմանը։