Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ:
Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը, Օլիմպիական կոմիտեի բազայում, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
***
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք, տեղեկացնում են դատախազությունից:
Արարատի մարզի դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրել է Արարատի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:
Ուսումնասիրության արդյունքում ի թիվս այլնի՝ պարզվել է, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա. Բ.-ն, խախտելով իրավահարաբերության ծագման պահին գործող Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, Արարատ քաղաքի Այգի 1/1 հասցեում գտնվող 0.0591 հա մակերեսով հողամասը 2008 թվականի ապրիլի 2-ին կառուցապատման իրավունքով 99 տարի ժամկետով հատկացրել է ֆիզիկական անձի: Վերջինս կառուցապատման իրավունքը նվիրատվության պայմանագրի հիման վրա փոխանցել է մեկ այլ ֆիզիկական անձի:
Դատախազը միջնորդագիր է հասցեագրել Արարատ համայնքի ղեկավարին Արարատ համայնքի և կառուցապատողի միջև 2008 թվականի ապրիլի 2-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Դատախազի միջնորդագրի հիման վրա Արարատի համայնքապետարանի իրավասու մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում 2026 թվականի հունիսի 29-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Արարատ քաղաքի Այգի 1/1 հասցեում գտնվող 0.0591 հա մակերեսով, 1 միլիոն 109 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը:
Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 18-ին դատախազական ներգործության արդյունքում Կադաստրի կոմիտեում դադարեցվել էր Արարատի քաղաքային զբոսայգու տարածքում՝ Շահումյան 36/5 հասցեում գտնվող 0,1280 հա մակերեսով, 2 միլիոն 403 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը:
Մյուս պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:
***
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետև՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին 2004 թվականի հոկտեմբերի 20-ին ՊՈԱԿ-ի և Արայիկ Հայրապետյանի միջև կնքված Սևանա լճի ափամերձ 3100 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու (դադարեցնելու) ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Այս մասին հայտնում են դատախազությունից:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում ուսումնասիրել է ՊՈԱԿ-ի և Արայիկ Հայրապետյանի միջև կնքված վարձակալության պայմանագիրը և վերաբերելի փաստաթղթերը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը սահմանված է եղել մինչև 2011 թվականի ապրիլի 8-ը, սակայն պայմանագիրը շարունակել է գործել անորոշ ժամկետով:
Վերոշարադրյալի հիման վրա, ինչպես նաև ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն որի՝ անորոշ ժամկետով անշարժ գույքի վարձակալության պայմանագիր կնքված լինելու դեպքում կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվել պայմանագրից՝ այդ մասին մյուս կողմին երեք ամիս առաջ տեղեկացնելով, և ՊՈԱԿ-ին միջնորդագիր է հասցեագրվել վարձակալության պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Բաց մի թողեք
Սերժ Սարգսյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ
Երևանում «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտnւքի, վարորդը գլխուղեղի վնաuվածք է ստացել
Իրավապահները խուզարկություններ են կատարում Գագիկ Ծառուկյանի տանը և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ընկերություններում