08/07/2026

EU – Armenia

Ադրբեջանի տարածքն օգտագործվե՞լ է Իրանի դեմ հարձակման համար, թե՞ ոչ

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ ռազմական և անվտանգության ոլորտի մասնագետները չեն հաստատել այն տեղեկությունները, թե Ադրբեջանը կարող էր իր տարածքը տրամադրել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ հարվածներ իրականացնելու նպատակով։

Ասուլիսի ընթացքում դեսպանն ընդգծել է, որ նույնիսկ Միացյալ Նահանգների նման հզոր պետության դեպքում Իրանը պատասխան գործողություններ է իրականացրել այն երկրների տարածքներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների նկատմամբ, որտեղից, ըստ նրա, հարձակումներ են իրականացվել Իրանի դեմ։

Շիրղոլամին նշել է, որ նման թիրախներ են եղել տարբեր երկրներում տեղակայված ամերիկյան բազաները, այդ թվում՝ Քուվեյթում, Հորդանանում, Բահրեյնում, Կատարում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում։

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ներկայացնելով Թեհրանի դիրքորոշումը դրա շուրջ։

Նրա խոսքով՝ Իրանի համար լիովին հասկանալի և հիմնավոր են այն մտահոգությունները, որոնք կապված են երկրի սահմանների հարևանությամբ ամերիկյան հնարավոր ներկայության հետ։ Դեսպանն ընդգծել է, որ այդ հարցի վերաբերյալ անհրաժեշտ են հստակ և կոնկրետ պատասխաններ։

Շիրղոլամիի փոխանցմամբ՝ Հայաստանի իշխանությունները հավաստիացրել են իրանական կողմին, որ նախագծի իրականացումը որևէ վտանգ կամ սպառնալիք չի ստեղծելու Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության համար։

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա լարվածությանը, ինչպես նաև կողմերի միջև ձեռք բերված հուշագրին։

Դեսպանի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գնահատելով ստեղծված իրավիճակն ու կրած կորուստները, եկել է այն եզրակացության, որ ռազմական գործողությունների շարունակությունը նպատակահարմար չէ, ինչի հետևանքով համաձայնել է հրադադարին։

Միևնույն ժամանակ, Շիրղոլամին նշել է, որ Թրամփի վարքագիծն ու Իսրայելի որդեգրած քաղաքականությունը, իր գնահատմամբ, վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը դեռ վերջնական որոշում չի կայացրել հետագա քայլերի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ հենց այդ անորոշության պատճառով ստորագրված հուշագիրը մի քանի անգամ խախտվել է ամերիկյան կողմի կողմից։

Իրանի դեսպանն ընդգծել է, որ Թեհրանը նախկինում ևս ապացուցել է իր հաստատակամությունը և չի պատրաստվում զիջումների գնալ կամ նահանջել նաև ընթացող բանակցությունների ընթացքում։