08/07/2026

EU – Armenia

Թրամփը հիմա էլ Իսպանիայի՞ն է «պատերազմ» հայտարարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դադարեցնել առևտուրը Իսպանիայի հետ։

Ըստ տեղեկությունների՝ Թրամփը հանձնարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին ամբողջությամբ դադարեցնել առևտուրը Իսպանիայի հետ՝ Մադրիդին անվանելով ՆԱՏՕ-ում «սարսափելի գործընկեր»։

Հունիսի 24-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հիասթափված է Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Իսպանիայից՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ։

Թրամփը մանրամասնել է, որ ԱՄՆ-ն հիասթափված է այդ երկրներից՝ Իրանի հետ պատերազմում օգնելուց հրաժարվելու պատճառով։

Հունիսի 23-ին ԱՄՆ նախագահը ՆԱՏՕ-ի վրա իր երկրի ծախսած գումարի չափը անվանել է «պարզապես խելագարություն»։ Նրա խոսքով՝ երկիրը տարեկան հատկացրել է 600 միլիարդ դոլար։ Սակայն դաշինքի անդամները չեն աջակցել ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմում, չնայած Վաշինգտոնը «հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսել նրանց պաշտպանելու համար, հիմնականում՝ Ռուսաստանից»։

Վաշինգտոնի՝ Թագավորության հետ առևտուրը խզելու սպառնալիքներին ի պատասխան՝ Իսպանիայի կառավարությունը հայտարարել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև միջազգային իրավունքը և երկկողմ համաձայնագրերը հարգելու անհրաժեշտության մասին։

Ըստ Մադրիդի՝ եթե Սպիտակ տունը ցանկանում է վերանայել հարաբերությունները, «պետք է դա անի՝ հարգելով մասնավոր ընկերությունների ինքնավարությունը, միջազգային իրավունքը և երկկողմ համաձայնագրերը»։

Մադրիդը նշել է, որ Իսպանիան 195 երկրների համար հուսալի առևտրային գործընկեր է, և որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ կատարում է իր պարտավորությունները և զգալի ներդրում է ունենում Եվրոպայի պաշտպանության մեջ։

Կառույցն ընդգծել է, որ Իսպանիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերությունները խզելու դեպքում հնարավոր բացասական հետևանքներին, և որ անհրաժեշտ ռեսուրսները հասանելի են։

Իսպանիան նախկինում հրաժարվել էր ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի հինգ տոկոսի և դեմ էր արտահայտվել Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությանը։