«Արարատ ցեմենտ» գործարանի աշխատակիցները հավաքվել են ձեռնարկության մուտքի մոտ՝ տեղեկանալու, թե ինչ է սպասվում ընկերության գործունեությանը և իրենց աշխատանքին։
Նրանց հետ հանդիպել է գործարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանը, որը հայտնել է, որ այս պահին ինքն էլ տեղեկություն չունի, թե երբ կվերականգնվի գործարանի բնականոն աշխատանքը և երբ այն կրկին կգործարկվի։
Հավաքի ընթացքում աշխատակիցները մտահոգություն են հայտնել ընթացող քննչական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Նրանք հարցեր են բարձրացրել ընկերության հետագա գործունեության, աշխատատեղերի պահպանման և աշխատավարձերի վճարման վերաբերյալ։
Աշխատակիցներից մեկը նշել է, որ գործարանը երկար տարիներ ապահովել է մարդկանց աշխատանքով և եկամտով՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակից կարող են տուժել բազմաթիվ ընտանիքներ՝ մի քանի անձանց ընդունած որոշումների հետևանքով։
«Այդ մարդը մեզ հաց ու ջուր է տալիս, ապրելու հնարավորություն է տալիս, իսկ հիմա մի քանի հոգու որոշումների պատճառով այսքան մարդ է տուժելու»,– ասել է աշխատակիցներից մեկը:
«Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցները հավաքվել են ձեռնարկության տարածքի մոտ՝ իրենց մտահոգությունը հայտնելով գործարանի գործունեության դադարեցման կապակցությամբ։ Նրանք ցանկանում են պարզաբանումներ ստանալ ստեղծված իրավիճակի և իրենց հետագա աշխատանքային ճակատագրի վերաբերյալ։
Գործարանի լաբորատորիայի ղեկավար Զոյա Բալայանի խոսքով՝ աշխատակիցների հիմնական պահանջն այն է, որ գործարանը հնարավորինս արագ վերսկսի իր աշխատանքը։ Նրա գնահատմամբ՝ արտադրության դադարեցումը ծանր հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն աշխատակիցների, այլև ամբողջ տարածաշրջանի համար, քանի որ բազմաթիվ ընտանիքներ իրենց եկամուտը ստանում են հենց այս ձեռնարկությունից։
Բալայանը նաև նշել է, որ արտադրական գործընթացը չի կարելի հանկարծակի կանգնեցնել, քանի որ գործարանում ընթացքի մեջ են եղել կարևոր տեխնոլոգիական աշխատանքներ։ Նրա խոսքով՝ եթե նման որոշում էր նախատեսվում, աշխատակիցներին պետք է նախապես տեղեկացնեին, որպեսզի հնարավոր լիներ անվտանգ կերպով դադարեցնել արտադրությունը։
Նրա խոսքով՝ գործարանը շուրջ չորս օր չի աշխատում, և աշխատակիցները մտահոգված են, թե ինչպես են ստանալու իրենց աշխատավարձերը։ Շատերը ֆինանսական պարտավորություններ ունեն, այդ թվում՝ վարկեր և հիփոթեքային վճարումներ, ուստի աշխատանքի դադարեցումը նրանց համար լուրջ սոցիալական խնդիրներ է ստեղծում։
Զոյա Բալայանը հիշեցրել է նաև, որ նախկինում հարկադիր պարապուրդի ժամանակ աշխատակիցներին վճարումները կատարվել են ամբողջությամբ։

Բաց մի թողեք
Արտառոց դեպք՝ Բյուրեղավանում, քաղաքացին հայտնել է, որ Ֆիդել Կաստրոն է, բարձրացել է մոտ 70 մետր բարձրությամբ աշտարակի վրա
Գիշերային խցանում՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Լուսանկար
2-ամյա երեխան բակում խաղալիս է եղել, գայլը հարձակվել է. Գորիսի տարբեր հատվածներում գայլերը հարձակվել են մարդկանց վրա․ նոր մանրամասներ