Թուրքիան պատրաստվում է «ամենամոտ ժամանակներս երրորդ երկրի վաճառել Ռուսաստանից ձեռք բերված C 400 զենիթահրթիռային համակարգը»։
Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղելով «Հուրիեթի» հրապարակմանը։ Թուրքիան հակաօդային պաշտպանության այդ միջոցները Ռուսաստանից գնել է 2019 թվականին, ինչի պատճառով դուրս է մնացել ամերիկյան F -35 կործանիչների ծրագրից։
Հուլիսի 7-ին Անկարայում կայացել է ԱՄՆ և Թուրքիայի նախագահների հանդիպում։ Թեև Դոնալդ Թրամփը այդ մասին ուղղակի հայտարարություն չի արել, Թուրքիայի նախագահ Էրդողանը հրապարակայնացրել է, որ նա «խոստացել է հինգ միավոր F-35 վաճառել»։
Ըստ իսրայելական մամուլի, վարչապետ Նաթանյահուն ԱՄՆ նախագահին «հետևողականորեն խորհուրդ է տվել Թուրքիային չվստահել»։ Հինգերորդ սերնդի կործանիչները Թուրքիային վաճառելուն դեմ է նաև Հունաստանը։
Այս «խճանկարում» ամենաուշագրավը, թերևս, այն է, որ, ինչպես «Հուրիեթի» հրապարակումն է վկայում, ԱՄՆ նախագահը Թուրքիային F-35 -ի վաճառքը շարունակում է պայմանավորել ռուսական C 400-ից հրաժարվելու հետ։ Ըստ թուրքական աղբյուրի, այդ համակարգի գնորդ կարող է լինել Արաբական միացյալ էմիրությունները կամ Կատարը։
Ռուսաստանի նորագույն ՀՕՊ համակարգի և ամերիկյան նորագույն կործանիչների անհամատեղելիությունը հիմնավորվում է նրանով, որ C -400-ը կարող է F-35-ի տեխնոլոգիական գաղտնիքները «որսալ»։ Թեև անցել է յոթ տարի, Թուրքիան այդպես էլ C-400-ը մարտական հերթապահության չի կանգնեցրել։
Տարածաշրջանի ո՞ր երկիրը միլիարդներ կվճարի, որպեսզի ձեռք բերի հակաօդային պաշտպանության մի համակարգ, որի առկայությունը նրան կզրկի երբևէ ամերիկյան հինգերորդ սերնդի կործանիչներ կամ Patriot ձեռք բերելու հնարավորությունից։
Ավելի վաղ մամուլում տեսակետ է շրջանառվել, որ Ադրբեջանը «կարող է Թուրքիային ընդառաջել», բայց թեման հետագա զարգացում չի ստացել։ Բաքվի minval politikan «եզոպոսյան լեզվով» ակնարկել է, որ ՆԱՏՕ-ի «թուրքական» գագաթաժողովին «կարող էր հրավիրվել նաև Իլհամ Ալիևը»։
Դա տեղի չի ունեցել։ Ավելին, չի կայացել նաեւ Էրդողան – Ալիև հեռախոսազրույց։ Թուրք-ադրբեջանական ի՞նչ քննարկումներ կան, կա՞ն, արդյոք, առայժմ բարդ է կողմնորոշվել։ Մի բան, կարծես, ակնհայտ է, առանց ռուսական C-400-ից հրաժարվելու Թուրքիան ամերիկյան հինգերորդ սերդնի կործանիչներ, ամենայն հավանականությամբ, չի ստանա։

Բաց մի թողեք
Բաքվի և Մոսկվայի միջև կապն ու շարունակությունն Իրանի հետ
Ռուսաստանը նախ պետք է Ուկրաիանայում «ավելի ընդարձակ բուֆերային-անվտանգային գոտի ստեղծի»
Բայրամովը կրկին պայման է առաջ քաշում. «խաղաղության համաձայնագրի» ճանապարհին՝ Սահմանադրության հարցը