Թուրքիան հասկացել է Իսրայելի ուղերձը,- ynet-ի մեկնաբանին ասել է «մի բարձրաստիճան պաշտոնյա»՝ նկատի ունենալով օգոստոսի 18-ին Սիրիայի Իդլիբ քաղաքի մերձակա ռազմական օդանավակայանի ռմբակոծումը։
Այդ առթիվ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Բարաքը ավելի վաղ ասել է, որ Իսրայելը և Թուրքիան «կարող էին հասնել ուղղակի առճակատման»։ Հայտնի է դարձել, որ «Մոսադի» տնօրեն Հոֆմանը Սիրիայի արտաքին գործերի նախարար Շայբանիի հետ հանդիպում է ունեցել։
Արդյոք իսրայելա-թուրքական լարվածությունը կարելի՞ է «անցյալ համարել» հարցին իսրայելցի պաշտոնյան բացասական է պատասխանել։ Նա միայն արձանագրել է, որ Թուրքիան Իդլիբի օդանավակայանում «կարող էր չափազանց կարևոր նշանակության ենթակառուցվածքներ ստեղծել և հայտնի չէ, թե ի՞նչ զարգացումներ են սպասվում»։
Ասվածից հասկացվում է, որ Իսրայելը և Թուրքիան այս փուլում ընդամենը «պայմանավորվել են ռազմական ուղղակի բախումից ձեռնպահ մնալու» մասին։ Այս իրավիճակը ուշագրավ է նրանով, որ իսրայելական և ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ Ադրբեջանը «փորձում է Էրդողանին և Նաթանյահուին հաշտեցնել»։
«Մոսադի» տնօրեն Հոֆմանի և Սիրիայի արտգործնախարար Շայբանիի հանդիպման վայրի մասին տեղեկություն չի տարածվել։ Եթե նրանք «ժամադրվել» են Բաքվում, կարելի է ասել, որ Ադրբեջանը «միջնորդական չափազանց մեծ պատասխանատվություն է ստանձնել։
Թուրքիան և Իսրայելը կարող են «ամեն ինչի շուրջ պայմանավորվել», բայց Մերձավոր Արևելքի ապագայի նրանց պատկերացումները տրամագծորեն ներհակ են։ Օգոսոտոսի 24-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Օսմանյան կայսրությունը «չորս հարյուր տարի կառավարել է Երուսաղեմը», և ինքը թույլ չի տա, որ «օտար ձեռքերը փոխեն նրա պատմական կարգավիճակը»։ Իսրայելը Երուսաղեմը հռչակել է հրեական պետության «հավերժական մայրաքաղաք»։
Այս հակասությունը, որ վերաճել է քաղաքական և քաղաքակրթական դիմակայության, դիվանագիտական որևէ կարգավորման ենթակա չէ։ Իսրայելցի պաշտոնյան «տարածաշրջանի խնդիրները մակերեսային պատկերացնելու» համար քննադատել է Թուրքիայում ԱՄՆ Բարաքին։
Վերջինս նաև Միացյալ Նահանգների նախագահի մերձավորարևելյան հարցերով հատուկ ներկայացուցիչն է։ Հասկացվում է, որ Երուսաղեմում Վաշինգտոնից դժգոհ են։
Իսրայելա-թուրքական հակամարտությունը հղի է Մերձավոր Արևելքի ավելի ապակայունացման սպառնալիքով, ինչը, անկասկած, մարտահրավեր է նաև Հարավային Կովկասին։ Մանավանդ որ Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի հետ խոր կապեր ունի։
Բաքուն Անկարային և Երուսաղեմին հաշտեցնել չի կարող, բայց թուրք-իսրայելական «բանավեճին» նրա մասնակցությունը կարող է հետևանքներ ունենալ նաև Հայաստանի համար։

Բաց մի թողեք
Ո՞րն է Ղազախստան – Ադրբեջան «սառնության» պատճառը, արդյոք ազատ ընտրությունները
Ինչո՞ւ եք շահագործում ԵԱՏՄ հնարավորությունները․ Պետդումայի խոսնակը՝ Հայաստանին
Ի՞նչը կամ ո՞վ է խանգարում, որպեսզի Թուրքիան շարունակի «տիրապետել Անատոլիային»