11/07/2026

EU – Armenia

Փաշինյանը հայցեր է ներկայացրել Սոֆիա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմ

Նիկոլ Փաշինյանը հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել ու հերքել վիրավորանք և զրպարտություն պարունակող տվյալները։

Նա պահանջում է նաև դրամական փոխհատուցում։

Պահանվում է, որ Սոֆիա Հովսեփյանը, դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, hraparak.am լրատվական կայքում և ֆեյսբուքյան էջում հրապարակային ներողություն խնդրի 2026թ. հունիսի 9-ին «Այդ տականքին ես վաղուց եմ ճանաչում՝ գիտեի, թե ոնց է նկարելու թվերը» վերնագրով հրապարակված հոդվածում «տականք» անվանելու համար։ Ներողությունը պետք է հրապարակվի բոլորի համար տեսանելի և հասանելի եղանակով, առանց ժամկետի սահմանափակման, իսկ դրա ձևավորումը, տեղակայումը և տառաչափը չպետք է զիջեն սկզբնական հրապարակման ձևաչափին։

Նա պահանջում է, որ Սոֆիա Հովսեփյանը նույն ժամկետում նույն լրատվամիջոցով և ֆեյսբուքյան էջում հրապարակայնորեն հերքի այն հայտարարությունները, որոնց համաձայն՝ Փաշինյանը նախապես գիտեր ընտրությունների արդյունքները, կեղծել է դրանք, ստախոս է և ընտրությունների արդյունքները «նկարել» է։ Փաշինյանը դրանք համարում է զրպարտություն։

Նա վիճարկում է հետևյալ արտահայտությունները. «Փաշինյանը շտապեց իրեն հաղթող հայտարարել, ինքը շատ լավ գիտեր, թե ինչպես է նկարելու այդ ամեն ինչը, դրա համար էլ հայտարարեց այն, ինչն արել է և զարմանում եմ, թե ինչու ենք մենք զարմանում», «Բայց ինքը շատ լավ գիտեր, թե ինչ են նկարելու իրենք և, բնականաբար, հայտարարեց: Սա մեզ համար զարմանալի չի, մենք վաղուց ենք իրեն ճանաչում, իր ստախոսությունը մեզ համար նորություն չի, իր ժողովրդավարության կեղծիքն էլ մեզ համար նորություն չի և բնականաբար այդ ամեն ինչի արդյունքում գիտենք ինչ պետք է անի», «Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ապա այս տականքին ես վաղուց եմ ճանաչում ու գիտեի, թե ինչպես է ընտրության արդյունքները նկարելու»։

Հերքման մեջ պետք է նշվի, որ այդ տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը և զրպարտում են։ Հերքման հրապարակման պայմանները պետք է լինեն նույնը, ինչ սկզբնական հրապարակման դեպքում, իսկ դրա անհնարինության դեպքում այն պետք է հրապարակվի առնվազն 5000 տպաքանակով և ՀՀ ամբողջ տարածքում տարածվող որևէ տպագիր թերթում։ Պահանջում է նաև դրամական փոխհատուցում՝ 2 միլիոն դրամ՝ վիրավորանքի և 4 միլիոն դրամ՝ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի համար։

Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում ընտրակեղծարար է անվանել Ն. Փաշինյանին։ Փաշինյանն այդ արտահայտությունը համարել է վիրավորանք։ Մարուքյանի դեմ ներկայացված հայցի մանրամասները և ամբողջական պահանջը «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տվյալները թերի են լրացված։

Նիկոլ Փաշինյանը Սոֆիա Հովսեփյանի դեմ հայցը ներկայացրել է Շիրակի մարզի, իսկ Մարուքյանի դեմ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններ՝ 2026թ. հուլիսի 9-ին։