«Հրապարակի» զրուցակիցն ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն է:
– Մինչ Փաշինյանը վերջին տարիներին պնդում է, որ Արցախի հարցում միջնորդների որեւէ առաջարկով չէր երաշխավորվում Արցախի սուբյեկտայնությունը, Ալիեւը երեկ հայտարարություն է արել՝ պնդելով ճիշտ հակառակը. «Մինսկի խումբը միայն ուզում էր վերցնել Ղարաբաղը՝ ներառյալ Լաչինն ու Քելբաջարը, ու տալ Հայաստանին: Երբ ղարաբաղյան երկրորդ պատերազմը սկսվեց, աշխարհի երեք առաջատար երկրները պահանջում էին անմիջապես կանգ առնել, զանգում էին, վախեցնում ու սպառնում էին: Ուզում էին, որ մենք կանգ առնենք, որ ամեն ինչ մնա նույնը: Նպատակը՝ որ Ադրբեջանը չվերականգնի իր տարածքները: Այդ նպատակը չիրականացավ»: Ստացվում է, որ Մինսկի խումբն Արցախը, դեռ մի բան էլ ավելին, փորձել է պահել հայկական, իսկ Փաշինյանը հակառակն էր պնդում:
– Երկու ավազակ նստում են եւ փորձում են նույն պատմությունը պատմել, բնականաբար, ամեն մեկն իր պատկերացումներն է ներկայացնում` իրականության հետ կապ չունեցող: Նիկոլ Փաշինյանը ոչ մի տեղեկություն չունի եւ չի էլ ուզում իմանալ, թե բանակցային գործընթացներն ինչպես են ընթացել: Դժվարանում եմ ասել՝ նրա տգիտությո՞ւնն է մեղավոր, թե՞ կամքի բացակայությունը, սակայն այս մարդն իշխանությունը վերցնելուց հետո առնվազն երեք-չորս ամիս պետք է հատկացներ՝ 25 տարվա բանակցություններն ուսումնասիրելու, համապատասխան փաստաթղթերը կարդալու, ուսումնասիրելու: Իհարկե, նա ոչինչ չի արել այս ուղղությամբ եւ որեւէ գիտելիք չունի, դրա համար էլ հայտարարեց, որ բանակցությունները սկսում է իր՝ զրոյական կետից, եւ պնդեց, որ ինչ ուզի, այն էլ կբանակցի: Իրեն թվաց, թե իր արածը շատ ավելի խելացի քայլ է, քան նեղ մասնագիտացված պրոֆեսիոնալների 25-ամյա աշխատանքը: Այս մարդը խոսում է այնպիսի բաներից, որոնցից չունի տեղեկություն: Միակ բանը, որ նա կարդացել է, այն է, որ իբր թե Քոչարյանը ցանկացել է Արցախը փոխարինել Մեղրիով, բայց դա էլ փաստաթուղթ չէր, նամակ էր: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի առաքելությանն ու դիրքորոշմանը, ապա այն առաջարկներ էր ներկայացնում, որոնք կողմերին կբերեին կոմպրոմիսի: Կոմպրոմիսը հետեւյալն է` ո՛չ ինձ, ո՛չ քեզ, ես էլ եմ ինձ անբավարարված զգում, դու էլ, եւ դրանով մենք մխիթարվում ենք ու գալիս համաձայնության: Կային բանաձեւեր` 3+2, 5+1 եւ այլն: Ալիեւը խոսում է կոմպրոմիսային տարբերակների մասին, որոնք հնարավոր էր կյանքի կոչել բացառապես երկու կողմի համաձայնության պարագայում: Սա շատ կարեւոր պայման էր: Կար նաեւ տարբերակ, որ Արցախն Ադրբեջանին է վերադարձնում հետեւյալ շրջանները․ Աղդամը, Ֆիզուլին, Ջաբրայիլը, Զանգիլանը, բացի Քելբաջարից եւ Լաչինից, ինչու, որովհետեւ Լաչինը Հայաստան-Արցախ կապն էր, որը հնարավոր չէր կտրել եւ տալ Ադրբեջանին, իսկ Քելբաջարն Ադրբեջանին միայն մի բանի համար էր հարկավոր` Հայաստանի դեմ պատերազմ արձակելու համար: Հակառակ պարագայում ո՛չ տնտեսապես, ո՛չ ռազմապես, ո՛չ էլ որեւէ այլ բանի համար պետք չէր այդ տարածքն Ադրբեջանին: Եղել են նման առաջարկներ, իսկ Ադրբեջանը կտրականապես դեմ է եղել դրան, այդքան մի բան:
– Ալիեւը նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանը վառելիքի առումով Հայաստանի ամենահուսալի գործընկերն է՝ երաշխավորը, ի դեպ, նա հայտարարել է, որ 40 հազար տոննա բեռ տարբեր երկրներից տեղափոխվել է Հայաստան` Ադրբեջանի միջոցով:
– Ռուսաստանից չստացածն ինչ-որ մի ձեւով պետք է կոմպենսացնել: Ես ուզում եմ հիշեցնել, որ Գեւորգ Պապոյանը ելույթ էր ունենում՝ պնդելով, որ ադրբեջանական բենզինն էժան է, եւ Հայաստանն ավելի էժան վառելանյութեր է ունենալու, շուկայում դրանց գներն իջնելու են, բոլորիս համար լավ կլինի եւ այլն: Այդ ժամանակ բենզինի մեկ լիտրն արժեր 450 դրամ, հիմա գինը հասել է 520 դրամի: Այսինքն` 20 տոկոսով բենզինի գինը թանկացել է, հետեւաբար, հերթական անգամ պետք է արձանագրենք, որ Փաշինյանի վարչախումբը ստում է, ոչ մի էժանացում էլ չկա: Ինչ վերաբերում է Ալիեւի հայտարարությանը, ապա Հայաստանին նրանք չեն կարող այնքան վառելանյութ ապահովել, որքան պետք է: Ադրբեջանի հետ կապված՝ ես կվախենայի «հուսալի» բառը համադրել, քանի որ Ալիեւն ունի իր հստակ քաղաքականությունը, ստրատեգիական տեսլականը, որտեղ Հայաստանի հետ համագործակցությունը տրամպլին է՝ այն զավթելու եւ ոչնչացնելու համար: Կարող ենք ասել, որ Ալիեւը թակարդի մեջ փոքրիկ պանրի կտոր է դրել եւ անունը դրել «հուսալիություն»:

Բաց մի թողեք
Կլկտիանան այնքան, որքան թույլ կտա հանրությունը
Մի օլիգարխին կործանում են, մյուսին՝ աճեցնում
Ի՞նչ կանեին նորմալ երկրներում՝ եթե մի բիզնեսմեն օրենքի հետ խնդիրներ ունենար․ Լուսանկար