15/07/2026

EU – Armenia

Ով է ասում

Ոչ ոք չի ասում, որ հանցագործությունները չպետք է բացահայտվեն, եւ հանցագործները չպետք է պատժվեն։

Հրապարակ թերթը գրել է․ Բայց քաղաքական հայտ ներկայացրած գործչին վարչապետի հրահանգով կալանավորելը հանցագործություն բացահայտել չէ, այլ՝ հաշվեհարդար։ Ոչ ոք չի ասում, որ քաղաքականության տանիքի տակ կարելի է պատսպարվել եւ օրենք խախտել, բայց նաեւ չի կարելի պետության տանիքի տակ մտած՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահել եւ Սահմանադրությունը ոտնահարել, ինչպես շարունակաբար անում է Նիկոլ Փաշինյանը։

Ոչ ոք չի պահանջում, որ հատուկ ծառայությունները չգործեն, պետական բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակ ունեցող անձինք օրենքով սահմանված կարգով չպահպանվեն, բայց այդ պահպանությունը չի կարող հասնել աբսուրդի, այդ պահպանության միջոցները չեն կարող գերազանցել պետական սահմանների պահպանմանը։ Չի կարող մի ողջ հասարակություն մնալ անպաշտպան, իսկ մի քանի անձի կյանքը զօրուգիշեր պահպանվել։ Ոչ ոք չի ասում, թե նախաքննության մարմինները չպետք է աշխատեն՝ խուզարկություններ կամ ձերբակալություններ չպետք է անեն, բայց դրանք չպետք է արվեն օրենքի խախտմամբ, մեծ թվով անձանց իրավունքները եւ մարդու արժանապատվությունը նվաստացնելու ճանապարհով, որպեսզի իշխանության ղեկին հայտնված անձի սրտին «մի մատ յուղ նստի»։

Ոչ ոք չի ասում, թե օրենքով սահմանված քննչական գործողությունները չպետք է իրականացվեն, բայց ինչպե՞ս կարող են մարդու հոբբին դիտել որպես իրեղեն ապացույց ու առգրավել, նրա սիրելի կենդանիներին խլել-տանել-ոչնչացնել, ավելի վատ պայմաններում պահել, որպեսզի նրան ցավ պատճառեն։ Ինչպե՞ս կարող են տասնյակ ընկերություններ փակել, կապարակնքել, հազարավոր մարդկանց զրկել ապրուստի միջոցից, որովհետեւ նման ապօրինի հրահանգ են ստացել վերադասից։