24/07/2026

EU – Armenia

Ռուսաստանի նախագահից ի՞նչ ուղերձ է ստացել Իլհամ Ալիևը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը ընդունել է ՌԴ նախագահի օգնական, կլիմայի հարցերով նրա հատուկ ներկայացուցիչ Ռուսլամ Էդելգերիևին։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը քննարկել են «կլիմայի փոփոխության դեմ պայքարի ոլորտում երկկողմ համագործակցությունը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցեր»։

Հանդիպմանը շոշափվել են Կասպից ծովի ավազանում «երկկողմ համագործակցությունը, ընդգծվել է Աշխատանքին խմբի աշխատանքի ուժեղացման կարևորությունը»։ Կողմերը փաստել են Կասպից ավազանի «բացառիկ էկոհամակարգի և ջրային ռեսուրսների պահպանման անհրաժեշտությունը, ընդգծել այդ ուղղությամբ նորարական տեխնոլոգիաների ներդրման կարևորությունը»։ Հանդիպմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել։

Բայրամով- Էդելգերիև հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվությունը կարելի է համարել դիվանագիտական այլասացության դասական օրինակ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը մեկ շաբաթ առաջ պաշտոնական այցով գտնվել է Մոսկվայում, ռուսաստանցի պաշտոնակից Լավորվի հետ քննարկումներ ունեցել ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ պատվիրակությունների ձևաչափով։ Կասպյան ավազանում ռուս-ադրբեջանական համագործակցության հետ կապված հարցերը չէին կարող այդ հանդիպումների շրջանակից դուրս մնալ։

Բայրամովի Մոսկվա այցից երեք օր հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Բեռլին։ Գերմանիայի կանցլեր Մերցի հետ բանակցություններից հետո Ռուսաստանի հասցեին «կսմիթներ» է թողել։

Նախ, նա հրապարակայնացրել է, որ հուլիսի 13-14-ին Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչները գտնվել են Բաքվում։ Ալիևը , այդպիսով, չի հերքել «Նյու Յորք թայսմի» տեղեկությունը, որ Բաքվում «ռուս-գերմանական գաղտնի բանակցություններ են կայացել»։

Այնուհետև Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը այլևս «չի կարող լինել Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավորը» և պատրաստակամություն հայտնել, որ Ադրբեջանը «կփոխարինի նրան»։

Այդ բացահայտումները վարկանիշային հարված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Վերջին օրերին Ռուսաստանի պետական դումայի մի քանի պատգամավորներ Ալիևի կեցվածքը խիստ քննադատության են ենթարկել։

Առավել սուր արձագանքներ հնչել են թելեգրամ-ալիքներում։ Minval politika-ն, ի մի բերելով ռուսաստանյան մամուլի արձագանքները, եզրահանգել է, որ Ռուսաստանը «ժամանակները շփոթել» է։ Քաղաքագետ Գաբիլ Հասանլին նույնիսկ թույլ է տվել ասել, որ «հիմա 1813 թվականը» չէ։

Այս համատեքստում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի Բաքու այցը, ամենայն հավանականությամբ, ստուգողական է։ Կասպից ավազանի «բացառիկ էկոհամակարգի պահպանման» թեման փաստացի նշանակում է Ադրբեջանի և Ռուսաստանի էներգետիկ ծրագրերի փոխադարձ համաձայնեցում՝ ինչպես սահմանված է ռազմավարական գործընկերության մասին 2022թ․ փետրվարի 22-ի Պուտին-Ալիև հռչակագրով։

Ալիևը Բեռլինում խոստացել է Եվրոպա գազի արտահանման ծավալները մեծացնել։ Կողմերի իրավապայմանագրային պարտավորությունների ֆորմալ մակարդակում դա առանց Ռուսաստանի համաձայնության հնարավոր չէ։

Ռուսաստանի նախագահից ի՞նչ ուղերձ է ստացել Իլհամ Ալիևը։ Այս հարցի շուրջ, գուցե, հնարավոր կլինի դատողություններ անել միայն Էդելգերևի Բաքու այցին հաջորդող տեղեկատվության հիմքով։

Եթե, իհարկե, կողմերը չորոշեն, որ ռուս-ադրբեջանական տարաձայնությունների թեման հրապարակայնացման ենթակա չէ։ Բայց դա, թերևս, ամենահստակ ուղերձը կլինի։