25/07/2026

EU – Armenia

Ալիևը Մոսկվայից «վերջնագիր է ստացել», դա ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա

Գերմանիան, Ֆրանսիան և եվրոպական երկրների մի ողջ ոհմակ վաղուց վերածվել են հայրենիքի դավաճանների համար հարմարավետ հյուրանոցի,- Իլհամ Ալիևի Բեռլին այցից երեք օր հետո գրել է իշխանական minval politika-ն և մասնավորեցրել, որ Արեւմուտքը նրանցով «քողարկում է իր կեղտոտ խաղերը»։

Որպես տրված չափազանց կոշտ գնահատականի ապացույց՝ լրատվամիջոցը վկայակոչել է կես րոպեանոց տեսանյութ, որ պատկերում է, թե դաշնային կանցլերի անվտանգության ծառայության աշխատակիցը ինչպես է մոտենում «Միկրոսկոպ Մեդիա»-ի երիտասարդ ներկայացուցչին և նրան ինչ-որ բան ասում, որից հետո «լրագրողը սադրանք է անում»։

Միջադեպը, որ վկայակոչել է ադրբեջանական լրատվամիջոցը, տեղի է ունեցել Գերմանիայի կանցլերի և Ադրբեջանի նախագահի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։ Minval politika-ն վկայակոչել է նաև երկրորդ դեպքը․ այս անգամ խոսքը քաղաքական վտարանդի Թուրալ Սադիղլիի և Ալիևի օգնական Հաջիևի միջև զրույցի մասին է, երբ «անվտանգության նույն աշխատակիցը մոտեցել և Սադիղլիին մի կողմ է տարել»։

Գերմանիայի դաշնային կանցլերի անվտանգության ծառայության հասցեին արված այս «դիտողությունները», Եվրոպայում ադրբեջանական «հայրենքի դավաճաններին հովանավորելու» մասին դիտարկումները, գուցե, համարվեին «արարողակարգից դժգոհություն», եթե Ալիևի բեռլինյան այցի «անհարմարությունները» հրապարակայնացվեին նույն օրը։

Մերց-Ալիև բանակցությունների մասին Բաքվի իշխանական մամուլի նախնական արձագանքները, մինչդեռ, ընդգծված դրական էին, ինչ-որ տեղ նույնիսկ՝ չափազանցված։

Եվ հանկարծ՝ նման կտրուկ շրջադարձ, ընդհուպ՝ Գերմանիան Ֆրանսիայի հետ եվրոպական նույն «ոհմակի» շարքին դասելու բացահայտում։

Ալիևի Բեռլին այցին հաջորդած օրերին երկու նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել՝ Գերմանիայի կանցլեր Մերցը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ հուլիսի 23-ին Բաքու է այցելել ՌԴ նախագահի օգնական-հատուկ ներկայացուցիչ Էդելգիրիևը։

Մերց-Փաշինյան հեռախոսազրույցի առթիվ համառոտ մեկնաբանություն արել է haqqin.az-ը, բայց հիմանականում՝ դրական շեշտադրումներով։ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի Բաքու այցի մասին Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունից զատ այլ տեղեկություն կամ դրա շուրջ մեկնաբանություն առայժմ չկա։

Քաղաքական վտարանդի Գուլու Մահեռամլին, մինչդեռ, ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Իլհամ Վլադիմիրովիչ Ալիևը մինչև մահ-գերեզման Պուտինին հավատարիմ է մնալու, քանի որ նրա «գանձերը պահվում» են Կրեմլում։

Իսկ Մոսկվան փախուստի վերջին ապաստանն է լինելու։ Պատմության համար եմ գրում»։ Վլադիմիր Պուտինը հատուկ ներկայացուցչի միջոցով Իլհամ Ալիևին «դա՞ է փոխանցել»։

Եթե Ալիևը Մոսկվայից «վերջնագիր է ստացել», դա ինչպե՞ս կազդի Հայաստան-Ադրբեջան փաստացի խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացին։