«Հրապարակի» զրուցակիցն ԱԺ նախկին ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանն է:
– Տիկին Ղազարյան, 9-րդ գումարման խորհրդարանում Դուք չկաք, ինչո՞վ եք այժմ զբաղվելու:
– Հիմա հանգստանում եմ, ժամանակը ցույց կտա, օգոստոսի վերջին երեւի կկողմնորոշվեմ, թե ինչով զբաղվեմ: 40 տարի մանկավարժական գործունեությամբ եմ զբաղվել եւ կարծում եմ՝ այդ ոլորտում արդեն իսկ տվել եմ իմ պարտքը: Կմտածեմ, թե ինչով եմ զբաղվելու:
– Իսկ քաղաքականությամբ էլ չե՞ք զբաղվելու:
– Կարծում եմ, որ զբաղվելու եմ, իհարկե, կզբաղվեմ:
– Ինչպե՞ս եք քաղաքական գործունեություն ծավալելու, որտե՞ղ:
– Տարբեր մակարդակներում՝ թե՛ կուսակցական գործունեություն կծավալեմ, ինչպես նաեւ՝ որպես քաղաքացի….
– Կցանկանայի՞ք նորից պատգամավոր լինել:
– Գիտեք, դա մի էտապ էր, անցել է, եւ կարծում եմ, որ արդեն հերթն ավելի երիտասարդներինն է: Բայց եթե նորից լինի հնարավորություն, խնդիր չկա, նորից կզբաղվեմ:
– Բայց դե՝ տեսանք այդ երիտասարդներին, նրանք էլ չափազանց անփորձ են դեռ:
– Մեր ֆրակցիան Դուք գիտեք, այնտեղ կան թե՛ փորձառուներ, թե՛ անփորձներ, անփորձները՝ ոչինչ, կսովորեն: Այնպես չէ, որ բոլոր երիտասարդներն անփորձ են, չէ, կան երիտասարդներ, ովքեր ավագանու անդամներ են եղել, ակտիվ են եղել եւ լավ էլ փորձ ունեն: Ես, իհարկե, մեր ֆրակցիայի մասին եմ խոսում:
– Հետեւո՞ւմ եք ԱԺ նիստերին: Ի՞նչ կարծիք ունեք դրանց մասին:
– Հետեւում եմ, բայց թույլ տվեք մի քիչ էլ հետեւեմ, նոր կարծիքս ասեմ: Ընդդիմությունից ես այնքան էլ գոհ չեմ, բայց դե….
– Իշխանականները հորդորեցին ընդդիմադիրներին՝ համերաշխ լինել եւ աշխատել բարեկրթության սահմաններում:
– Դե, սպասենք տեսնենք, թե ինչպես կաշխատեն: Օրինակ, նախորդ գումարման ԱԺ-ում ընդդիմությունը լավ չի աշխատել, գիտեք, թե ինչքան բացակայություններ են ունեցել, անհաշվելի:
– Իսկ այն փաստը, որ կաթողիկոսը նորանկախ պատմության ընթացքում առաջին անգամ չօրհնեց ԱԺ անդրանիկ նիստը․․․ ի՞նչ կարծիք ունեք այս մասին:
– Գիտեք, եկեք կաթողիկոս կոչումը չկիրառենք, ի՜նչ կաթողիկոս…. նրանից ի՞նչ կաթողիկոս: Պետք չէր, որ այդ մարդը գար ԱԺ: ԱԺ-ում կան նաեւ այլ հավատալիքներ ունեցող մարդիկ, գար՝ ի՞նչ աներ:
– Դե, անկախությունից ի վեր միշտ եկել է:
– Սխալ է եղել, կան նաեւ մահմեդականներ այնտեղ:
– Բայց միշտ էլ եղել են ազգային կամ կրոնական փոքրամասնություններ, եթե նրանց նկատի ունեք, սակայն դա չի խանգարել, որպեսզի կաթողիկոսը տա իր օրհնությունը:
– Ինչո՞ւ պետք է գար, ի՞նչ պետք է ասեր նա: Ես կարող եմ ասել, որ մեր թիմը հրաշալի կազմով է հանդես եկել, եւ, այ, կտեսնեք, թե ինչքան լավ են աշխատելու: «Հայաստան» դաշինքը, տեսեք, այս անգամ փոքր կազմով է, դա ցույց է տալիս, որ հաջորդ անգամ նրանք չեն լինի:
– ՔՊ-ի կազմն էլ է նախորդի համեմատ փոքր:
– Ժամանակը ցույց կտա, դեռ վաղ է խոսելը:


Բաց մի թողեք
«Մուլտի վելնեսը» եթե անօրինական էր, անունը փոխեցին՝ դարձավ օրինակա՞ն
Նիկոլին վերցնեն՝ Պետրոսը կշահի (Լրագրային շանսոն)
Եթե ոչ մի բան չգիտես, Ազգային ժողովում ի՞նչ ես անում Հռիփսիմե Գրիգորյան․ Լուսանկար