07/08/2026

EU – Armenia

Ադրբեջանը Ռուսաստանի «ռազմավարական պարտությունը ճանաչել» է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։ Այդ մասին Ադրբեջանի ԱԳՆ- ն տեղեկացրել է սոցիալական X հարթակում։

«Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության ընթացիկ վիճակը և հեռանկարները»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության տեքստում։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը «վերահաստատել է Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմաններում նրա ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Ադրբեջանի անփոփոխ աջակցությունը, իսկ նախագահ Զելենսկին Իլհամ Ալիևին և Ադրբեջանի կառավարությանը «մարդասիրական օգնության համար երախտագիտություն է հայտնել»։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հուլիսի 17-18-ին եռամյա ընդմիջումից հետո պաշտոնական այցով գտնվել է Մոսկվայում։ Կիև նրա այցը և Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումը այդ համատեքստում ակնհայտ ազդակ է, որ ռուս-ուկրաինական զինված հակամարտության հարցում պաշտոնական Բաքուն միանշանակորեն աջակցում է Ուկրաինային։

Հուլիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիի «գլոբալ ֆորումի» հարթակից ուկրաինացիներին կոչ է արել «երբեք չհաշտվել օկուպացիայի հետ»։ Բայրամովի Կիև այցը քաղաքական իմաստով այդ հայտարարության վերահաստատումն է։ Ուկրաինացիներին Ալիևի «հորդորի» առթիվ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը ասել է, որ Ադրբեջանի նախագահի այդ տեսակետը «ընդունվել է ի գիտություն»։ Մոսկվան, այդուհանդերձ, Ադրբեջանի հետ հարաբերությունները պահպանելու պատրաստակամություն է հայտնել։

Բայրամովի Կիեւում ունեցած բանակցություններից տպավորություն է, որ նա Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է Ադրբեջանի նախագահի Ուկրաինա պաշտոնական այցի կազմակերպման հեռանկարը։

Ապրիլին Ուկրաինայի նախագահ Զելենսկին այցելել է Ադրբեջան, կողմերը քննարկել են ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության հեռանկարը։ Եթե Ալիևը մոտ ապագայում այցելի Կիևն, կնշանակի, որ Ադրբեջանը Ուկրաինային աջակցության մակարդակը քաղաքական առումով բարձրացնում է։ Ըստ էության, Ադրբեջանը կարող է դառնալ Ուկրաինայի ռազմական աջակից։

Ըստ երևույթին, փորձագիտական գնահատականը, որ Ադրբեջանը Ռուսաստանի «ռազմավարական պարտությունը ճանաչել» է,- իրականությանը բավական մոտ է։ Մոսկվան ինչպե՞ս կընդունի Բաքվի «դավաճանությունը», այլ հարց է։ Մեծ քաղաքականությունը երբեմն նման «կուրյոզները» միայն «ընդունում է ի գիտություն»։